Օրերս իրավապահները հայտնաբերեցին դեռևս հունվարի 30-ից անհետ կորած 26-ամյա Վարդան Մնացականյանի դին: Ըստ մամուլի տեղեկությունների՝ երիտասարդը՝ մինչև հունվարի 30-ը աշխատել է «Ռոսիա» տոնավաճառում.«Տհաճ խոսակցություն է եղել գումարի հետ կապված, որից հետո երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ու պարտավորեցրել վերադարձնել գումարը: Այդ օրվանից հետո երիտասարդը այլեւս գործի չի գնացել, և երեկ, փաստորեն, նրա դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ»:
Մամուլի հրապարակումներին անդրադարձել է «Սիլ» կոնցեռնի մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը: Նրա տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ հայտնում ենք, որ «Սիլ» կոնցեռնի կազմակերպություններում աշխատում է երեք հազարից ավելի մարդ։ Վարդան Մնացականյանը արդեն տևական ժամանակ է՝ չի աշխատում կոնցեռնի որեւէ կազմակերպությունում։ Հույս ունենք, որ իրավապահ մարմիները կպարզեն կատարվածի իսկությունը։
Միևնույն ժամանակ, կոչ ենք անում՝ զերծ մնալ անհիմն շահարկումներից։
«Սիլ» կոնցեռնը ցավակցում է Վարդան Մնացականյանի հարազատներին»։