Search
Close this search box.

Տոմս չկա․ ի՞նչ չկարողացան կիսել ԱՄԷ-ի ներդրողներն ու ՀՀ իշխանությունները

Երեք տարի առաջ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որն օտարերկրյա լոուքոսթերին թույլ տվեց դառնալ ազգային ավիափոխադրողի կարգավիճակին հավակնող ավիաընկերության համահիմնադիր։ Սակայն այսօր «Fly Arna»-ն փաստացի թռիչքներ չի իրականացնում։
Հայկական «Fly Arna» ավիափոխադրողի շուրջ ստեղծված իրավիճակը բացահայտեց Հայաստանի համար առանցքային ոլորտներից մեկում՝ ավիացիայում, ստեղծված խոր ճգնաժամը։ Բացի այդ, այն բացասաբար կանդրադառնա երկրի և պետության իմիջի վրա՝ որպես օտարերկրյա ներդրողների համար հուսալի գործընկեր։

Պայմանագիրը կնքելիս ավիաընկերությանը շնորհվեց ազգային փոխադրողի կարգավիճակ, բայց, ինչպես պարզվեց, միայն խոսքով: Գործնականում «Fly Arna»-ն այդպես էլ չստացավ համապատասխան արտոնություններ, որոնք սովորաբար ունենում են նման կարգավիճակ ունեցող ընկերությունները։

2023 թվականի դեկտեմբերին ԶԼՄ-ները գրեցին, որ «Fly Arna»-ն շուտով Հայաստանից չվերթեր չի իրականացնի։
Խնդիրների մասին լուրերը Sputnik Արմենիայի հետ զրույցում մասամբ հաստատեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա հայտարարեց, որ «Fly Arna»-ն լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի, և այդ հարցը քննարկվում է։
Իսկ արդեն այս տարվա հունվարին լրատվամիջոցները հերթական անգամ հայտնեցին, որ ընկերությունը դեկտեմբերի 3-ից տոմսեր չի վաճառում։ Սակայն «Fly Arna»-ի ղեկավարությունը հերքում էր այդ մասին բոլոր հաղորդագրությունները։
Եվ ահա երեկ ընկերությունը պաշտոնապես հաստատեց, որ դադարեցնում է թռիչքները։ Ըստ ավիաընկերության դա պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով:
«Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,-ասված էր հայտարարությունում։

«Fly Arna»-ի մասին

«Fly Arna»-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) (51 %) և «Air Arabia» խմբի(49%) համատեղ նախագիծն է, համաձայնագիրը կողմերը ստորագրեցին 2021 թվականի հուլիսի 17-ին: 2021 թվականի հոկտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին, մասնավորապես առաջարկվում էր 4,7 մլրդ դրամ (մոտ 12 մլն դոլար) ներդնել ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարելու համար։
Այդ ժամանակ էլ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը (այս տարվանից նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են. խմբ.) նշեց, որ այդպիսով ոչ միայն գրանցվում է ավիաընկերություն, այլև այս ծրագրով ստեղծվում է ազգային մրցունակ ավիափոխադրող, որն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն՝ «Air Arabia»-ում կառավարման շուրջ 20 տարվա դրական փորձը:
Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականին իշխանությունները կարևորում էին Հայաստանում հայկական ավիաընկերությունների ստեղծումն ու զարգացումը, և այդ առումով պետությունը պետք է որոշակի դերակատարություն ունենա: «Ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենա, այն կաշխատի հավասար մրցակցային դաշտում»:
2022 թվականից ավիաընկերությունը միացավ ոլորտին և սկսեց թռիչքներ իրականացնել մի շարք ուղղություններով։
Ավիաընկերության գործունեությունը բավարարում էր ինչպես իշխանություններին, այնպես էլ արաբ ներդրողներին։ 2023 թվականի ապրիլին Երևանում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը և «Air Arabia» ընկերության տնօրեն Ադել ալ Ալին դրական գնահատեցին փոխգործակցության մակարդակը ՝ պայմանավորվելով խորացնել այն։ Արդեն օգոստոսին «Fly Arna»-ն դարձավ Հայաստանում առաջինը ավիաընկերությունը, որը ստացավ IOSA անվտանգության միջազգային սերտիֆիկատ:
Հենց այդ պատճառով էր, որ օտարերկրյա կապիտալով ազգային փոխադրողի շուրջ ստեղծված իրավիճակը, մեղմ ասած, անսպասելի էր շատերի համար։

Մինչ նախագծի բոլոր համահեղինակները լռում են և իրավիճակի մանրամասները չեն բացահայտում, փորձագիտական շրջանակները տեղի ունեցածի երկու հիմնական վարկած են առաջ քաշում: Ոմանք ընկերությունում առկա խնդիրները կապում են Պետական վերահսկողական ծառայության կողմից հայտնաբերված խախտումների հետ։ Հայկական լրատվամիջոցները, մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱՆԻՖ-ի այն ժամանակվա գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն աշխատանքի է տեղավորել համապատասխան մասնագիտություն չունեցող մարդկանց՝ նրանց տալով լուրջ պաշտոններ և բարձր աշխատավարձ: Արդյունքում խախտումների մասին զեկուցվել է վարչապետին։
Մյուս՝ առավել հավանական վարկածի համաձայն` պատճառը պետության և օտարերկրյա ներդրողի՝ «Air Arabia»-ի միջև շահերի բախումն է։ Արաբական ընկերությունը պետությունից արտոնություններ է ուզում, մասնավորապես՝ ազգային փոխադրողի կարգավիճակի իրավական ամրագրում։
Իշխանությունները մտավախություն ունեն, որ որևէ փոխադրողի արտոնություններ տրամադրելը անհավասար պայմաններ կստեղծի շուկայում և կհանգեցնի մենաշնորհի։ Ուստի նրանք չեն ցանկանում որևէ առավելություն տալ «Fly Arna»-ին՝ վկայակոչելով «Արմավիայի» անհաջող փորձը (2003 թվականին ստացավ ազգային փոխադրողի կարգավիճակ, 10 տարի անց սնանկացավ)։ Հենց «Արմավիայի» սնանկացումից հետո Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը սկսեց անցում կատարել «բաց երկնքի» քաղաքականությանը։

Փաշինյանի թիմը շարունակեց այդ քաղաքականությունը. վարչապետն ինքը բազմիցս ասել է, որ կառավարությունը չի կրկնի անցյալի տխուր փորձը և առանձին ընկերության մենաշնորհային պայմաններ չի շնորհի (ակնարկելով «Արմավիա» ընկերությունը)։ Այն մասին, որ պետք չէ հրաժարվել «բաց երկնքի» քաղաքականությունից, խոսում էր նաև Քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

Փորձագիտական կարծիքներ

Այս հարցում անհամաձայնություն էին հայտնում ոլորտի առաջատար մասնագետները։ ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ավիացիայի ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախկին նախագահ Դմիտրի Աթբաշյանը մինչև իր կյանքի վերջին օրերը երկրի ղեկավարությանն առաջարկում էր քաղաքացիական ավիացիայի ազգային ծրագիր՝ ոլորտը փրկելու համար։ Դրա գլխավոր կետը հայկական ավիաընկերության ստեղծումն էր, որն ազգային փոխադրողի կարգավիճակ կունենար (AirDilijans և Armenia Airways)։
Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը համարում է, որ արաբական կապիտալով «Fly Arna»–ն այդ դերի համար այնքան էլ հարմար չէ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ընկերությունը որակով է աշխատում, բայց նրա ընտրած բիզնես մոդելը թույլ չի տա ազգային փոխադրող դառնալ։ Նրանք այդպիսի իրավական կարգավիճակ չունեն։
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) համաձայն՝ «ազգային փոխադրողը» պետական ընկերություն է, որն իրականացնում է նաև միջազգային ավիափոխադրումներ, զբաղեցնում է շուկայի հիմնական մասը, մասնակցում է ավիաընկերությունների խոշոր դաշինքներին, և դա ենթադրում է ծառայություններ և ծառայություններ մատուցելու հնարավորություն («Air France»-ի օրինակով):

Ընդ որում` «Fly Arna»-ն գործում է «լոուքոսթերի» մոդելով, թեև՝ ոչ դասական։ Ավիաընկերությունը, ի տարբերություն նույն «Wizz Air»-ի, թռիչքներ էր իրականացնում երկրի խոշոր օդանավակայանից՝ «Զվարթնոցից» դեպի այլ երկրների նմանատիպ օդանավակայաններ՝ օդանավում առաջարկելով որոշ ծառայություններ (զովացուցիչ ըմպելիք, թեթև խորտիկներ, տարանցիկ թռիչքներ հանգուցային օդանավակայաններով)։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մտավախություն ունի, որ «Fly Arna»-ի սնանկացումը երկրի համար բացասական հետևանքների կհանգեցնի:
«Դա կլինի կառավարման համակարգի ձախողման ապացույցը։ Այսուհետ օտարերկրյա ներդրողը պետության հետ գործարք կնքելուց առաջ երկու անգամ կմտածի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ավիաընկերությունը հիմնադրվել է հանրային միջոցների հաշվին, և հասարակությունը, ըստ պատգամավորի, իրավունք ունի իմանալու, թե ինչ է տեղի ունենում։ Ավետիսյանը պատասխանատուներին՝ պետությանը և ընկերությանը, հորդորում է հաշվետու լինել կատարված աշխատանքների և այն մասին, թե ինչն է հանգեցրել նման իրավիճակի, պարզաբանել, թե հատկացված հանրային միջոցներից որ մասն է վերադառնալու պետբյուջե:

Հայկական ավիաուղիների պատմությունը

«Հայկական ավիաուղիները» Հայաստանի առաջին պետական մասնակցությամբ ազգային ավիաընկերությունն էր: Այն գործեց 1991-2003 թվականներին, ապա սնանկացավ։ 1996 թվականին հիմնադրվեց «Արմավիա» մասնավոր ավիաընկերությունը, որը պատկանում էր իշխանությանը մտերիմ գործարար Միխայիլ Բաղդասարովին։ Ընկերությունը 2003 թվականին ազգային փոխադրողի կարգավիճակ ստացավ, սակայն ավիաշուկայում մնաց մինչև 2013 թվականը և նույն թվականին սնանկ ճանաչվեց:
2013 թվականին Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ անցնում են «բաց երկնքի» քաղաքականությանը։ Մինչև կորոնավիրուսի համավարակի սկիզբը՝ 2020 թվականին, «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում կանոնավոր և չարտերային չվերթեր էր իրականացնում 39 ավիաընկերություն։
2015 թվականին հիմնադրվեց «Armenia» ավիաընկերությունը (այժմ՝ «Air Dilijans»), 2019 թվականին՝ «Armenia Airways»-ը, 2021 թվականին՝ «FlyOne Armenia»-ն և «FlyArna»–ն , 2022 թվականին՝ «Armenian Airlines»-ը։ Այս շարքից շուկայում կանոնավոր չվերթեր են իրականացնում «Air Dilijans»-ը և «FlyOne Armenia»-ն

armeniasputnik.am

Please enter a valid URL