Search
Close this search box.

Շտապօգնությունը մոպեդներով. ո՞ր դեպքերում նոր ծառայությունը կարձագանքի բուժառուներին

Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որն ուղղված է «Շտապօգնություն» ծառայության ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն, կանչերին արագ արձագանքելուն։ Մասնավորապես՝ շուտով կգործարկվեն շտապօգնության զանգերին արձագանքելու համար նախատեսված հատուկ մոպեդներ։

Մանրամասնելով նախաձեռնությունը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը տեղեկացրեց, որ մոպեդներով շտապօգնության ծառայություն մատուցելու պարագայում չի նախատեսվում բուժառուներին բուժհաստատություն տեղափոխել: Մոպեդով օգնություն կցուցաբերվի այն բուժառուներին, ովքեր չունեն քրոնիկական հիվանդություններ և հիվանդանոցային բուժման կարիք:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ բուժառուի հետ գործ ունենք: Օրինակ` այն բուժառուները, որոնք քրոնիկական հիվանդություններ և հիվանդանոցային բուժման կարիք չունեն, բայց բարձր ջերմություն ունեն, այս պարագայում բուժակը մոպեդով ավելի արագ և օպերատիվ կարող է հասնել տեղ, չափել ջերմությունը, անհրաժեշտության դեպքում խորհրդակցել բժշկի հետ և տալ համապատասխան դեղորայք»,-ասաց նա:

Կարապետյանն անդրադառնալով բոլոր այն հարցերին, թե ինչպե՞ս են մոպեդով բուժառուներին տեղափոխելու բուժհաստատություն, պատասխանեց, որ մոպեդով ոչ ոքի չեն տեղափոխելու: Ըստ նրա՝ մոպեդն ընդամենը ծառայելու է խցանումների ժամանակ և հիվանդանոցային բուժում չպահանջող դեպքերի ժամանակ, ինչը կորոշվի զանգերի ֆիլտրման միջոցով:

«Ինքներս ուսումնասիրել ենք որոշ երկրների փորձ՝ Իսրայելի, Նորվեգիայի, Վրաստանի և Իտալիայի: Այս բոլոր երկրներն ունեն իտալական մոպեդներ, որոնք վարելը շատ հեշտ է, ինչպես նաև ունեն բժշկական հագեցվածության ուղղվածություն: Մոպեդներն ունեն ամրացված պայուսակներ, սարքեր, որոնք բուժակին կամ բժշկին հնարավորություն կտան օգնություն ցույց տալ կամ որոշակի ախտորոշում կատարել»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ այժմ մասնագետների հետ կատարվում են ուսումնասիրություններ, քննարկումներ, վերջնական արդյունքը լինելու դեպքում հանրությանը մանրամասն կտեղեկացնեն:

Please enter a valid URL