Search
Close this search box.

Տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությունն Իրանի համար անընդունելի է. Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական

«Օրբելի» վերլուծական կենտրոնում հունվարի 30-ին կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել են նաև հայկական փորձագիտական հանրության մի շարք ներկայացուցիչներ։ Իրանական պատվիրակության կազմում են եղել նաև ԻԻՀ Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Աբբաս Արաղչին և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Ինչպես տեղեկացրին «Օրբելի» վերլուծական կենտրոնից, անդրադառնալով Իրանի և Հայաստանի պատմական ու բարեկամական հարաբերություններին՝ ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին իր ելույթում ընդգծել է այդ հարաբերություններն ընդլայնելու Իրանի իսլամական հանրապետության վճռականությունը։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է այս տարածաշրջանի բոլոր երկրների անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, իսկ աշխարհագրական սահմանների փոփոխությունն Իրանի համար անընդունելի է։ Խարազին ընդգծել է նաև, որ իրանական կողմը աջակցում է ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Ըստ աղբյուրի՝ Քամալ Խարազին հաստատել է, որ Իրանը, որպես հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք հաղորդակցային ուղիներն իրար կապող առանցք, պատրաստ է իր տնտեսական և գիտական կարողությունները ներդնել այս տարածաշրջանի զարգացման ու առաջընթացի գործում։

Please enter a valid URL