ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ՝ տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։
«ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների նշանակման համար.
աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի).
զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):
Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն ՀՀ-ում նրանց նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։
Եթե անձը ԼՂ-ում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա նրան նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ համապատասխան մարմնի (օրինակ՝ Պաշտպանության նախարարություն) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակ։
ՀՀ-ում կենսաթոշակը նշանակվում, վճարվում, չափը հաշվարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով։ Համաձայն աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգի (բանաձև)՝ աշխատանքային կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժի տևողությունից, հիմնական կենսաթոշակի չափից ու աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքից։
Ըստ այդմ՝
․ ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 31 600 է.
․ հիմնական կենսաթոշակի չափը՝ 24 000 դրամ (ԼՂ-ում սահմանված է եղել 21 500 դրամ).
․ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 950 դրամ (ԼՂ-ում՝ 1 150 դրամ).
․ տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ (ԼՂ-ում՝ 600 դրամ):
Հետևաբար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված և հաշվարկված կենսաթոշակի չափը կարող է տարբերվել Լեռնային Ղարաբաղում նշանակված և վճարված կենսաթոշակի չափից։
ՀՀ-ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։ Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին:
Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով:
Կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://bit.ly/3h99yYU)։ Եթե անձը 2023 թ․ սեպտեմբերի դրությամբ ԼՂ-ում եղել է կենսաթոշակառու, և այդ օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չի եղել, ապա ՀՀ-ում կենսաթոշակի դիմումը մինչև 2024 թ․ հուլիսի 1-ը կարող է ներկայացնել առցանց՝ www.socservice.am կայքէջում։
ԼՂ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են օգտվել նաև 10 % հետվճարի ծրագրից, հետևաբար, եթե կենսաթոշակառու կամ նպաստառու եք և ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարում եք անկանխիկ գործարքներ, ապա կստանաք հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի քան 5 000 դրամը։ Այսուհետ ծրագրից կարող են օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը»,- ասված է հաղորդագրությունում։