Ընտրությունները չպետք է վերածվեն աճուրդի, այսօր «Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ արտահերթ համագումարին ասաց կուսակցության նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանը:
Նա ընդգծեց` Հայաստանում ընտրություններում այսօր որոշիչ դեր է խաղում փողը.
«Այսինքն` «ով շատ` кто больше?», ով շատ տվեց, նրան: Ես ուզում եմ, որ մենք անկեղծ լինենք: Հիշեք` ընտրություններից առաջ ցուցակներ էին բաժանում Հայաստանում, 50 հոգանոց ցուցակ կար, 20 հոգանոց ցուցակ, 30 հոգանոց, այս մեկի գինն այսքանն էր, մյուսինն` այնքան: Դրա համար մենք պետք է ընդունենք, որ չասեմ ոչնչացված, բայց կիսավեր քաղաքական դաշտ ունենք», — ասաց Արթուր Բաղդասարայանն` ավելացնելով.
«Այսօր գյուղապետերի ընտրություններն էլ են փողով. փող ունես, մարդ ես, փող չունես, մարդ չես»:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահի խոսքով` սա էլ ավելի է նպաստում արտագաղթի ավելացմանն ու ժողովրդի մոտ էլ ավելի ամրապնդում «որտեղ հաց` ընդեղ կաց» սկզբունքը.
«Այսօր մենք ունենք չքավոր, կռացած, հայրենիքից հույսն ու հավատը կտրած հասարակություն»: