Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի հայտարարությանը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը, հակառակ դեպքում լուրջ վնասներ կկրի, ինչպես 44-օրյա պատերազմի դեպքում:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան շատ ավելի կառուցողական դեր կարող է խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում։
Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը, մասնավորապես՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանի բացումը, դրական ազդեցություն կունենա թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, թե՛ ազդեցություն կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։
Փոխնախարարը նշել է, որ պաշտոնական Երևանը սպասում է Անկարայի արձագանքին պայմանավորվածությունը կյանքի կոչելու մասով։
«Գիտեք, որ հայկական կողմում բոլոր ենթակառուցվածքներն արդեն իսկ պատրաստ են»,-ավելացրեց Կոստանյանը։