Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է բացահայտել ԱԱԾ-ն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։

Այսպես.

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիները ԻԻՀ քաղաքացու հետ միասին, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հունվարի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով՝ իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։ Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի հունվարի 25-ին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում մաքսանենգ ճանապարհով ՀՀ է առաքվել թմրամիջոցի խմբաքանակ, որը ստացած անձինք պատրաստվել են տեղափոխել ք.Երևան:

Հետագայում, հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից: Հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է մարզային վարչության տարածք:

Համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուրը՝ շուրջ 13 կգ տարատեսակ թմրամիջոցների նմանվող զանգվածներ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ ԱԱԾ

Please enter a valid URL