Գործարար Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Վանեցյանի փաստաբանական խումբը։
«Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խմբի կողմից
Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջազգային խոշոր գործարար մեր վստահորդ Կարեն Վանեցյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը վարույթն իրականացնողի (քննչական կոմիտե) եւ գլխավոր դատախազության կողմից հանրայնացվելու արդյունքում ստացել է մեծ հնչեղություն, իսկ այսօր ԶԼՄ-ների կողմից տարածվել է տեղեկատվություն Կարեն Վանեցյանի ՌԴ-ում ձերբակալման վերաբերյալ՝ անհրաժեշտ ենք համարում հայտնել հետեւյալը․
1) Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ եւ տարածվող լուրերն այն մասին, որ վերջինս անազատության մեջ է՝ չեն համապատասխանում իրականությանը:
2) Կարեն Ռոբերտի Վանեցյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս չի եղել Հայաստանի Հանրապետությունում, նախքան այդ երկարատեւ տեւողությամբ ՀՀ-ում առհասարակ չի գտնվել հետեւաբար վերջինս մշտապես չի բնակվում ՀՀ-ում, զբաղվում է խոշոր ձեռնարկատիրական գործունեությամբ մի շարք երկրներում, այդ թվում ՌԴ-ում:
3) Կարեն Վանեցյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի 2023 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մեղադրանքը վերաբերում է փողերի լվացմանը, սակայն դա ընդամենը դատախազության եւ քննչական մարմնի ունեցած վարկածն է: Իսկ վարկածը որպեսզի իրապես դառնա մեղադրանք՝ պետք է լինեն դրա մասին վկայող, կամ ավելի հստակ՝ փաստող տվյալներ: Սույն դեպքում Կարեն Վանեցյանին վերագրվում են գործողություններ, որոնց հետ կամ ինքն առհասարակ առնչություն չունի ոչ տեսականորեն եւ ոչ էլ գործնական իմաստով, կամ ընդհանուր բնույթի գործողություններ են, որոնց առնչությունը քրեական օրենսգրքին կրկին բացակայում է։
4) Կարեն Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ակնհայտ անհիմն, ընթացակարգային եւ նյութական բազմաթիվ խախտումներով «որոշումը» բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, հետեւաբար օրինական ուժի մեջ չի մտել:
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբ՝
Արամ Վարդեւանյան,
Արսեն Բաբայան,
Սոս Հակոբյան»,- նշվում է հայտարարության մեջ։