Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին արված առաջարկությունները՝ երաշխիքների, սպառազինությունների վերահսկման ու չհարձակման վերաբերյալ, քաղաքական հայտարարություններ են, որոնց համապատասխան քաղաքական անդրադարձ չի եղել։ Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան, ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Եթե լինեն համապատասխան ազդակներ, քննարկումները կտեղափոխվեն այլ փուլ։ Մենք անկեղծորեն շարունակում ենք հետաքրրքված լինել մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման ուղությամբ։ Գիտեք, որ հունվարի 4-ին ուղարկել ենք համապատասխան համաձայանագրի տեքստի լրամշակված տարբերակը, սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը մի քանի շաբաթից կլինի»,- ասաց Կոստանյանը։
Լրագրողի այն հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ՌԴ-ն ցանկանում է փոխել ՀՀ-ում իր դեսպանին, Կոստանյանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություններ չունի։
«ԱԳՆ-ն պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,- ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։