Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը։
Նա նշել է, որ երկու երկրների միջև «սահմանի որոշման հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև հետկոնֆլիկտային իրավիճակի կարևոր բացադրիչներից մեկն է», հայտնում է Trend-ը։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում։
Ինչպես հայտնի է՝ Բաքուն կտրականապես դեմ է, որ պաշտոնական Երևանի ու Բաքվի միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև ասել է, թե Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից: Հիշեցնենք, որ Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցին, նշել է, որ էական հետընթաց կա և հարված խաղաղության գործընթացին՝ մի շարք առանցքային հարցերում։