Search
Close this search box.

Մեր տունը ոչ թե այն տանիքն է, որտեղ մենք ապրում ենք, այլ առաջին հերթին մեր հայրենիքն է, մեր բանակն է․ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյան

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել հայկական ԶՈւ կազմավորման 32-ամյակի կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի հարգարժան սպանե՛ր,
Շնորհավորում եմ հայկական Զինված ուժերի կազմավորման 32-ամյակի առթիվ, մաղթում՝ հաղթական փառքով պսակված ուղի:
Հայկական բանակը մեր գոյատևման գրավականն է, մեր հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ լավատեսության երաշխիքը։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր տունը, մեր օջախը ոչ թե այն տանիքն է, որտեղ մենք ապրում ենք, այլ առաջին հերթին մեր հայրենիքն է, մեր բանակն է։
Մեր բանակն անցել է բազում դժվարությունների միջով, հաղթահարել ծանր փորձություններ, բայց շարունակում է պատվախնդրորեն կատարել իր առջև դրված խնդիրները։
Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ժամանակ է պետք։ Սակայն ժամանակը չի կարող որևէ բան փոխել, եթե միասնաբար չպայքարենք։ Մեր երկրի ու պետության համար այս վճռորոշ փուլում պետք է առավել միասնական ու միաբան լինենք, անկախ մեր հավակնություններից մենք պարտավոր ենք մեկտեղել ուժերը։
Միայն այդ դեպքում մեր հաղթանակն այլընտրանք չի ունենա։
Հունվարի 28-ը մեր ցավի ու հերոսական մաքառումի, մեր պատվի ու արժանապատվության օրն է։ Այն նաև հիշատակի օր է։ Նրանց հիշատակի, ովքեր արցախյան պատերազմներում հավատարիմ մնացին զինվորական երդմանն ու անձնվիրաբար մարտնչեցին Հայրենիքի պաշտպանության համար։
Համոզված եմ, որ մեր արժանավոր սպաների, հայրենասեր եղբայրների շնորհիվ կհաղթահարենք բոլոր անհարթություններն ու անորոշությունները։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի սպայական կազմին, բանակաշինության ակունքներում կանգնած մեր հայրենակիցներին, հրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, ամբողջ հայ ազգին, անկոտրում կամք և վճռականություն, ոգու ամրություն և համազգային միասնություն բոլորիս:
Շնորհակալ ենք Ձեզ, հերոսածին հայ մայրեր։
Փա՛ռք Հայոց բանակին, նրա մարտիկներին։
Հավերժ հիշատակ և խոնարհում մեր ընկած եղբայրներին ու նրանց ընտանիքներին»:

Please enter a valid URL