Վաղը հունվարի 28-ն է՝ բանակի օրը: Հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դժվար է խոսել կամ ինչ-որ բան գրել բանակի օրը, այս տարի նաև գոյություն չունի Արցախի ՊԲ-ն, և արցախյան դիրքերում մեզ զինվորներն այլևս չեն հյուրասիրելու նրբերշիկով և սմբուկի խավիարով բուտերբրոդ՝ ասելով՝ «էս մեր ֆիրմայինն է, կերեք, չեք փոշմանի հաստատ»:
Վաղը հունվարի 28-ն է, և հայկական բանակի երկու գեներալ՝ Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը, Բաքվի բանտում են, հայաստանյան բանտերում էլ կան բարձրաստիճան զինվորականներ, կամ՝ անցնում են տարբեր քրեական գործերով, որոնք, այսպես ասած, նաև քաղաքական տարրեր են պարունակում: Զինվորականության մի մասն էլ վերցրեց ու ձախողվեց 44-օրյա պատերազմում՝ հետևում թողնելով ամաչելու առիթ չտվող անցյալն ու 2016-ի Ապրիլյան պատերազմի հաղթանակները: Վնասված կենսագրություն…
Իսկ բանակի դեմ գործող իշխանությունների քաղաքական արշավը շարունակվում է, որի ճանապարհին, ցավոք, նաև հաջողություններ են գրանցում, այդ թվում՝ հանրության վերաբերմունքի առումով առ բանակ, զինվորականություն և սպաներ: Գուցե դրանում նաև իրենք են մեղավոր, որի մասին վերևում մի փոքր ակնարկեցի:
Գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ մեզանից գողանա Հունվարի 28-ը, գուցե շատերից անգամ հաջողվել է գողանալ 44-օրյա պատերազմից հետո կամ ավելի ուշ: Այո, հաջողվել է, որովհետև ինչպես վերջերս գրել էինք՝ հանրությունը նույնիսկ չնկատեց, որ այս տարի Նոր տարվա նախաշեմին Նիկոլ Փաշինյանը մարտական դիրքեր չայցելեց՝ շնորհավորելու զինվորների և սպաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, նրանք տարված էին Փաշինյանի մարզային «հյուրախաղերով»: