Search
Close this search box.

Ականապատ տարածքների նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ

Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Հայաստանը՝ այդ թվում որպես վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ստացել էր Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։ Առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով Հայաստանը նոր քարտեզներ պատրաստեց՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։

Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով ընդունեց, ինչը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Բաքուն շարունակում է շահարկել թեման ու Երևանի այս դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ»,- նշված է գերատեսչության «X»-ի միկրոբլոգում տարածված հայտարարությունում։

Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ ԼՂ նախկին զինծառայողների շրջանում վերսկսված հարցումների արդյունքում ի հայտ են եկել ականապատ տարածքների թվով 8 նոր տեղեկամատյաններ, և որ դրանք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:

Ադրբեջանի արտգործնախարարությունը, ի պատասխան, այսօր հայտարարեց, որ ի գիտություն է ընդունել հայկական կողմի առաջարկը և ակնկալում է, որ «Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռ ամբողջությամբ չեն ներկայացվել Ադրբեջանին»։ Բաքուն, ըստ այդմ, պնդում է, որ մինչև օրս Հայաստանի ներկայացրած քարտեզների ճշգրտությունն ընդամեը 25 % է, քանի որ դրանք «անարդյունավետ են, թերի և տեղում ճշգրիտ չեն ներկայացնում իրական պատկերը»՝ մեղադրելով Հայաստնաին «միջազգային մարդասիրական իրավունքի և ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների մեջ»։

Please enter a valid URL