Search
Close this search box.

ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավորը ելույթ է ունեցել Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում

Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում հունվարի 22-ին ստորագրվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի և ՀՀ Սյունիքի մարզի միջև համագործակցության հաստատման վերաբերյալ հուշագիր։ Կարևոր այդ արարողությանը ներկա են գտնվել տեղական օրենսդիրներ, Հայ դատի Ամերիկայի կենտրոնական և Կալիֆոռնիայի նահանգային հանձնախմբերի պատասխանատուները, ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև նահանգային-մարզային հարաբերությունների համագործակցության վերաբերեյալ աշխատանքները սկսվել են դեռևս 2022թ․ սկզբից, երբ փետրվարի 10-ին Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել էր համապատասխան բանաձև։ Հետագայում Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանն ընդունել էր նաև մեկ այլ հայանպաստ բանաձև՝ դատապարտելով Արցախի դեմ Ադրբեջանի շրջափակումն ու ագրեսիան, պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և Արցախի բարձրաստիճան ղեկավարներին, վերահաստատելով Արցախի ինքնորոշման իրավունքը և կոչ անելով գործուն քայլերով դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը։

Հունվարի 22-ի ձեռնարկը կազմակերպվել էր նահանգային օրենսդրի անդամ և հիշյալ բանաձևերի ընդունումն առաջնորդած Քրիս Հոլդենի, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների կողմից։

Իր խոսքում ՀՀ ԱԺ անդամ Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Քրիս Հոլդենին՝ հայամետ բանաձևերն առաջ մղելու համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնեց Կալիֆոռնիայի օրենսդիրներին և Հայ դատի հանձնախմբին՝ Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու այս պատմական ջանքերին աջակցելու համար: Խաչատրյանն ընդգծել է, որ բանաձևերի ընդունումը «շատ կարևոր քաղաքական ուղերձ է աշխարհին, Ադրբեջանին և նրա հովանավոր Թուրքիային։ Չնայած Ադրբեջանի ագրեսիային, Արցախի վերաբերյալ էջը փակված չէ, Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, ինչպես աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ»։

Խաչատրյանը նաև անդրադարձել է Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիային և թշնամական գործողություններին․ «Կան մարդիկ, ովքեր կարծում էին, թե Ադրբեջանը հայի արյան ծարավը հագեցրել է Արցախի ցեղասպանական էթնիկ զտումներով և օկուպացիայով, բայց, ինչպես մենք կանխատեսել էինք, և տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, դա ակնհայտորեն այդպես չէ: Առաջադրելով նոր նպատակակետեր՝ Բաքուն այժմ մարտահրավեր է նետում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, որն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», սպառնում է Սյունիքի միջանցքով ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ, ինչպես նաև բացահայտորեն պահանջում է վերաշարադրել Հայաստանի Սահմանադրությունը»։

Խաչատրյանը բարձր է գնահատել նորաստեղծ հարաբերությունները Կալիֆոռնիայի և Սյունիքի հետ՝ նշելով, որ դա կօգնի տնտեսական և մշակութային ավելի ամուր կապերի զարգացմանը, ինչն օգտակար կլինի Սյունիքի համար, որը, ադրբեջանական կողմից սահմանամերձ գյուղերի շարունակվող ռազմական օկուպացիայի և վերսկսման սպառնալիքների պայմաններում, շարունակում է մնալ վտանգի տակ։

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Քրիս Հոլդենը, Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հանձնախմբի անդամ Աիդա Դիմեջյանը, և կալիֆոռնիացի բազմաթիվ խորհրդարանականներ։

Հայ դատի հանձնախմբի հրավերով Արթուր Խաչատրյանը Կալիֆոռնիայից մեկնել է մայրաքաղաք Վաշինգտոն՝ ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։

Please enter a valid URL