Քաղաք-պետություն. կառավարության նիստում վարչապետի մակարդակով խոսվում է այն մասին, որ մաշվածության մեծ աստիճան ունեցող անվադողերով ավտոբուսներին ոստիկանությունը թույլ չի տվել դուրս գալ երթուղի, որովհետեւ դուրս գալու դեպքում 10-ից 6-ը կենթարկվեին վթարի:
Հաջորդն ըստ երեւույթին այն է, որ վարչապետի մակարդակով անդրադարձ կարվի ավտոբուսների արգելակների մաշվածության, հետո շարժիչի յուղը փոխելու կամ այլ թեմաների:
Հաշվարկը թերեւս նույնն է՝ «լավ թագավոր, վատ իշխաններ»:
Մինչդեռ, եթե բանը հասել է դրան, նախ պետք է հարց տալ՝ ինչու՞ է ձմռան կեսին երթուղային ավտոբուսներից՝ 10-ից վեցի անվադողերը այնպիսին, որ ենթակա չեն ձյան դեպքում երթուղի դուրս գալու: Փաստորեն, երթուղի է դուրս եկել ավտոբուսների միայն 40 տոկոսը, եթե իրականություն է ներկայացրած թիվը:
Այսինքն ստացվում է, որ ձյան, վատ եղանակի պայմաններում, երբ քաղաքացինները առավել շատ ունեն տրանսպորտային որակյալ սպասարկման կարիք, տրանսպորտի քանակը նվազում է 60 տոկոսով, որովհետեւ անվադողերը ունեն մեծծ մաշվածություն:
Իսկ ո՞վ է պատասխանատու, որ անվադողերը չեն փոխվել ժամանակին եւ երթուղային ավտոբուսների փաստորեն 10-ից վեցը պատրաստ չէ ձմեռային սեզոնին: