Սևանի դատարանում այսօր՝ հունվարի 26-ին, ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստը։
Տուժողների փաստաբան Նորայր Նորիկյանը դատարանում հայտարարեց, որ գործով ամբաստանյալ Մառլեն Սարգսյանն իրեն գործի առնչությամբ որոշակի ուշագրավ տեղեկություններ է հաղորդել։
«Եթե հիմնավորվեն Մառլեն Սարգսյանի կողմից ինձ հայտնված տեղեկությունները, ձեր սեղանի առջր դրված այդ 22 հատորանոց քրեական գործը պետք է պատռել և նետել աղբանոցը, որովհետև այն տեղեկությունները, որոնք ինձ հայտնվել են, իսկապես կարող են շրջադարձային և բեկումնային փոխել քրեական գործի ընթացքը»,- նշեց Նորիկյանը։
Նրա խոսքով՝ զոհվածների ծնողների մոտ կա խորը անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ․ «Հայտնվել ենք մի իրավիճակում, որ ստացված տեղեկությունը համապատասխան վարույթային և ապացուցողական գործողություններ իրականացնելու համար, համապատասխան ընթացակարգեր իրականացնելու հետ կապված լուրջ մտավախություն ունեն ծնողները»։
Նորիկյանն ընդգծեց, որ իրենք մարտավարական տեսակետից առայժմ չեն հրապարակելու տեղեկությունները։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։