«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները նոր շարժում են ձեւավորվել՝ «Վարդանանք» անվամբ, ու պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական ակցիան՝ ընդդեմ Վեհափառի, պատրաստվում են իրականացնել փետրվարի 24-ին Էջմիածնի կենտրոնական հրապարակում: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:
Վերջինս, մեր տեղեկություններով, երկար տարիներ ԱՄՆ-ում է բնակվել եւ վերջերս է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս իշխանության ակտիվ աջակից է, Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին գովերգող գրառումներ է ձոնում, ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտնում ու կոչ անում քաղաքացիներին պաստառներով միանալ ընդդեմ Վեհափառի ակցիային: Հակաեկեղեցական նմանատիպ մի տխրահռչակ շարժում ձեւավորվել էր 2018թ.-ին՝ հեղափոխությունից անմիջապես հետո, «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» անվամբ, որի նախաձեռնողները կրկին այս իշխանության աջակիցներն էին:
Այս ամենը թերեւս կասկած չի թողնում, որ հակաեկեղեցական շարժումը հստակ ուղղորդվում է իշխանության վերին էյշելոնների կողմից: Սա եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հակաեկեղեցական ալիքը աննախադեպ ծավալի է հասել: Թավշյահեղափոխականները չեն խորշում ամեն առիթով ԱԺ ամբիոնից Եկեղեցուն ու Վեհափառին թիրախավորող հայտարարություններ անել:
Հակաեկեղեցական այս էպոպեայի գագաթնակետն էլ թերեւս նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն էր. «եթե Եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն լավ չեն Աստծո հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը այս անչությամբ դիմեց նաեւ Մայր աթոռ, որտեղից մեզ ասացին՝ ընդդեմ Վեհափառի ակցիայի մասին տեղեկացել են նախաձեռնողների ֆեյսբուքյան էջից: «Միայն կարող եմ ասել, որ այս ամենն անհասկանալի է մեզ համար»,- ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում