Search
Close this search box.

«Փաստ». Ինձ 7–8 ժամ պահում են դատարանի նկուղային խցում և հետո կրկին բերում կալանավայր. Կարո Եղնուկյան

«Փաստ» թերթը գրում է. «2016 թ. հուլիսի 19–ի լույս 20–ի գիշերը Կարո Եղնուկյանը բերման ենթարկվեց ու կալանավորվեց: Նրան մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 38–218 և 38–219 հոդվածներով՝ «Սասնա Ծռեր» խմբի կողմից պատանդներին պահելուն օժանդակելու և զավթած շենքներն ու շինությունները պահելուն օժանդակելու մեջ:

Կարո Եղնուկյանի դստեր՝ Էլմոն Եղնուկյանի միջոցով «Փաստ»–ը մի քանի հարցեր է ուղղել անազատության մեջ գտնվող Եղնուկյանին: Ստորև ներկայացնում ենք մեր և Կարո Եղնուկյանի հարցուպատասխանը: Ի դեպ, նշենք, որ Եղնուկյանը հայերեն գրելը սովորել է կալանավայրում:

–Պարոն Եղնուկյան, նախ կխնդրեմ նշեք, թե Ձեր՝ կալանավայրում գտնված ամբողջ ընթացքում Ձեր դատական գործում էական տեղաշարժեր նկատո՞ւմ եք, թե ոչ:

–Գործը դատարանում է արդեն 9 ամիս: Նախաքննության ընթացքում ներկայացրել էինք 30–ից ավելի միջնորդություններ, որոնք անտեսվել էին քննիչների և դատախազների կողմից: Ստիպված այդ միջնորդությունները ներկայացրել էինք նաև դատարան, սակայն այն նույնպես որևէ միջնորդություն չի բավարարել: Արտառոցը ոչ թե այն է, որ միջնորդությունները մերժվում են, ինչը սպասելի էր, քանի որ դատարանը քաղաքական պատվեր էր կատարում, այլ այն, որ միջնորդությունները մերժվում են առանց գոնե մեկ նախադասությամբ պատճառաբանվելու: Այս ամենին ավելացնենք նաև դատարանի կողմից վերջերս կատարվող խեղկատակությունը՝ ես ունեմ երկու պաշտպան, բայց դատարանը հարկադրել է, որ ինձ ևս երկու հանրային պաշտպաններ ներկայացնեն: Նրանցից ես, բնականաբար, հրաժարվել եմ, սակայն դա չի խանգարում դատավորին այդ փաստաբաններին համարել իմ պաշտպանները:

–Այս դատական գործից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

–Սեֆիլյանի դատը նայելով՝ ակնկալում եմ նույն ձևաչափը: Պետք է խախտվեն բոլոր հաստատված ընթացակարգերը, դատարանները «կրեատիվ», սակայն անօրինական մոտեցումներ հորինելով, պետք է փորձեն կատարել քաղաքական պատվերը: Դատաքննությունների արդյունքներում բոլորին մեղավոր են ճանաչելու և խիստ պատիժներ նշանակելու: Չնայած պատվեր տվողներն ու կատարողները հասկանում են, որ նման համատարած խախտումների պարագայում Եվրոպական դատարանը շատ վճիռներ է կայացնելու Հայաստանի դեմ, որի արդյունքում Եվրոպական դատարանի նշանակած փոխհատուցումները վճարելու են ո՛չ պատվեր տվողները, ո՛չ էլ՝ այն կատարողները, այլ Դուք՝ սովորական քաղաքացիներդ, պետական բյուջեի միջոցով:

–Ինչպե՞ս է հիմա ձեր առողջական վիճակը: Բժիշկներն ի՞նչ են խորհուրդ տալիս:

–Եթե դատարանում չեմ գտնվում, նորմալ է: Ինձ դատական նիստի օրերին կալանավայրից տեղափոխում են դատարան և 7–8 ժամ պահում դատարանի նկուղային խցում և հետո կրկին բերում կալանավայր, ինչից ճնշումս բարձրանում է, սակայն չի հասնում կրիտիկական սահմանի: Բժիշկներն ախտորոշել են, որ ինձ մոտ առկա է կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնիա, ինչը սրվում է հենց դատական նիստերին մասնակցելու պատճառով»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL