Մի ժամանակ մեզ թվում էր, թե փողն ամենամեծ խնդիրն է, որ փող ունենանք, մնացած բոլոր հարցերը կլուծենք. հիմա սա այն դեպքն է, որ փող ունենք, բայց բախտ չունենք, ինչպես ասում են: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դպրոցաշինության ոլորտում առակ որակի խնդիրներին։
Կառավարությունը քննարկեց «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որով դպրոցաշինությունն ավելի շահութաբեր են դարձնում շինարարական ընկերությունների համար։
Ըստ Փաշինյանի՝ ընկերություններն իր հետ հանդիպման ժամանակ ասել են, որ մասնավոր հատվածում շինարարություն անելիս իրենց շահութաբերությունը 20 % և ավել է, իսկ դպրոցների կապիտալ շինարարության ոլորտում 10 % է սահմանված և առաջարկվող օրինագծով այն բարձրացվում է։
Նա հայտնեց, որ որոշակի ստեղծագործական մոտեցում պետք է իրականացնեն որպեսզի իրենց ակնկալած դպրոցների, ԲԿ-ների ու ճանապարհների կապիտալ շինարարություն ունենան։
«Ճիշտն ասեմ, կառավարության այն անդամները, որոնք այս թեմայի հետ առնչվում են, տարվա սկզբից շատ ծանր, դառը տրամադրության մեջ են, բայց ես մյուս կողմից մտածել եմ՝ ճանապարհն անցնում է նա, ով դրա վրայով քայլում է»,-ասաց Փաշինյանը՝ ակնարկելով աշխատանքից ազատված մարզպետներին և Քաղաքաշինության կոմիտեի նախագահին։
Նա հայտնեց, որ դպրոցաշինության և մանկապարտեզաշինության համակարգված պրակտիկա երրորդ հանրապետության պատմության մեջ չի եղել։
Հայտարարելով, որ դպրոցաշինության ոլորտը պետք է բերեն որակի չափանիշի՝ Փաշինյանն ասաց. «Բասկետբոլի դաշտը պետք է բասկետբոլի դաշտ լինի, չի կարող իմպրեսիոնիզմի ժանրից ինչ-որ բան լինի»։