«Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե) հետ կատարված միջադեպի ու նրա՝ Հայաստանից հեռանալու վերաբերյալ. «Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը (Նարե Սոսե) հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն այն մասին, որ իրեն առևանգել են ու իր հասարակական-քաղաքական գործունեության հետ կապված ճնշումներ կիրառել: Ըստ Հայրապետյանի՝ իրեն զգուշացրել են «չափերի մեջ մնալ և դադարեցնել կոշտ քննադատությունը»:
Հայրապետյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Մտահոգիչն այն է, որ ոստիկանություն դիմելուց հետո Նարինե Հայրապետյանը լքել է Հայաստանը: Մենք մի քանի օր կապ չենք ունեցել իր հետ: Կապի դուրս գալով՝ Հայրապետյանը տեղեկացրել է, որ ինքը երկրից դուրս է եկել, քանի որ իր դեմ ճնշումներ են բանեցրել ոստիկանությունում՝ ստիպելով հրաժարվել իր ցուցմունքից և նոր ցուցմունք տալ:
Այդ ի՞նչ է տեղի ունեցել ոստիկանությունում, որ այնտեղ գտնվելուց հետո մարդը լքել է Հայաստանը: Սա հարց է, որը բացատրություն է պահանջում:
Հայրապետյանի հետ տեղի ունեցածն արտառոց է և աղաղակող: Սա մենք գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում ավագանու ընդդիմադիր անդամի դեմ: Կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին ու մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին արձագանքել այս ամենին:
Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերների ու Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին, ներքին քաղաքականության ֆոնին ակնհայտ են բռնաճնշումների գնալու, մեր երկրում վախի մթնոլորտ ձևավորելու իշխանական փորձերը, որը մենք խստորեն դատապարտում ենք և հետևողականորեն պայքարելու ենք հանուն ամբողջական իշխանափոխության:
«Մայր Հայաստան» շարժում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն
23.01.2024թ.»: