Սոչիում Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) փառատոնի ժամանակ ծեծկռտուքի հետևանքով մահացել է 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը։
Ինչպես հայտնում է Shot թելեգրամյան ալիքը, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ի վաղ առավոտյան։
«Հարավային մայրաքաղաք» («Южная столица») թիմի նախկին անդամ Գևորգյանը կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Ծեծկռտուքի ժամանակ Ամիրանը գլխի լուրջ վնասվածք է ստացել։ Շտապօգնություն կանչած մարդիկ բժիշկներին պատմել են, որ տղամարդն ուղղակի ընկել է երկու մետր բարձրությունից, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա վիրավորվել է ծեծկռտուքի ժամանակ։
Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, գլխուղեղի ծանր կոնտուզիա և էպիդուրալ հեմատոմա։ Ստացած վնասվածքների պատճառով հումորիստն ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց գիտակցության չգալով մահացել։
Հայտնի է, որ նա հանդես է եկել Սոչիի КВН թիմում, սակայն այս փառատոնին նա եղել է ոչ թե մասնակիցների կազմում, այլ որպես հյուր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արթուր Ռասուլովը հետախուզման մեջ է։