Ադրբեջանի ԱԳՆ-ում կարծում են, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների կիրառում է, որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունները:
Նախօրեին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել էր, որ ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններով և կոչ է անում վերադառնալ հարաբերությունների կարգավորման բանակցություններին: Նա նաև հավելել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ ԵՄ-ի հարաբերությունների վրա:
Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն «վճռականորեն հերքել է Բորելի կողմից անհիմն մեղադրանքները»։
«ԵՄ Բարձր ներկայացուցչի կողմից փաստերի աղաղակող խեղաթյուրումը Ադրբեջանի օրինական շահերի անտեսում է, իսկ նման սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների վառ օրինակ է, որոնք էլ ավելի են սրում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները․․․ Բացի Ադրբեջանի և Հայաստանի տարածքներին վերաբերող պատմական փաստերի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայացքների լիակատար խեղաթյուրումից, Բարձր ներկայացուցիչը հրահրում է ռազմականացում և Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն»,-ասվում է հայտարարության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ Ադրբեջանը միշտ «հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանն ու կայունությանը, սակայն վճռականորեն կխոչընդոտի իր ազգային շահերի դեմ ցանկացած հավակնության և սպառնալից արտահայտություններն օրինականացնելու փորձերը»:
Բացի այդ, Բաքվում Բորելի հայտարարությունը՝ ադրբեջանցի դիվանագետների արտաքսման հարցում Փարիզի հետ համերաշխության մասին, անվանել են ոչ միայն միջամտություն իրավական հետաքննության գործընթացին, այլև Ադրբեջանից արտաքսված ֆրանսիացի դիվանագետների անօրինական գործողությունների արդարացում: