Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ․ Խոշոր ներդրում Գորիսում. 6000 երեխայի ու երիտասարդի համար նոր հնարավորություն է բացվում

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Գորիսում կառուցելու է ՔՈԱՖ Սմարթ կենտրոն: Ծրագրի պատասխանատուները Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին և համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացրել են ծրագրի բովանդակությունը, սպասվելիք գործողությունները:

ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի կառուցման համար համայնքն արդեն հողատարածք է տրամադրել ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ։ Կենտրոնը կունենա կրթական, մշակութային, մարզական, նաև գյուղատնտեսական ու սոցիալ-ձեռնարկատիրական բաղադրիչներ:
Ավելի քան 6000 երեխա ու երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր կրթական ծրագրերում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա և այլ ուղղություններում։ Հասանելի կլինեն նաև սոցիալական և հոգեբանական անվճար ծառայություններ, միջազգային փորձագետները կանցկացնեն դասընթացներ:

Կենտրոնի կառուցապատման համար հայտարարվել է ճարտարապետի մրցույթ. նախագծի վրա կաշխատեն միջազգային և տեղացի ճարտարապետները` պահպանելով Գորիսին բնորոշ կոլորիտն ու ճարտարապետական տեսքը` չխախտելով բնական լանդշաֆտը:
Սմարթ կենտրոնը գործելու է անվճար: Բնակավայրերի երեխաների տեղափոխությունը ևս կլինի անվճար. այդ հարցում իր մասնակցությունը կունենա նաև համայնքը (Գորիսի սահմանամերձ բնակավայրերում այժմ էլ հանրային տրանսպորտն անվճար է):
Սմաթ կենտրոնի կառուցման ծրագրում ներառված է նաև ֆուտբոլի դաշտի կապիտալ նորոգումը, այդ թվում՝ նոր մարզահրապարակների ստեղծումը:

Վարարակն գետի հարակից ենթակառուցվածքները ևս կբարելավվեն, նաև կկահավորվեն գետամերձ տարածքները:
Համայնքային միջոցներով կհիմնանորոգվեն դեպի Սմարթ կենտրոն տանող ճանապարհները. դեպի Հին Գորիս ճանապարհի կապիտալ նորոգման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ:

Ծրագրի ղեկավարները և Առուշ Առուշանյանը հանդիպումից հետո շրջայց են կատարել Գորիս համայնքում, այցելել են մշակութային հաստատություններ, թանգարան, պատմամշակութային վայրեր:









Please enter a valid URL