«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախորդ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Դեռ դեկտեմբերի 25-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանը «հիանալի հնարավորություն կունենան շփվել համաժողովի ընթացքում եւ առաջիկա միջոցառումների շրջանակներում»:
Այդպես էլ տեղեկություն չհաղորդվեց՝ կայացե՞լ է արդյոք երկկողմ հանդիպում Փաշինյանի եւ Պուտինի միջեւ, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, որն ասաց, թե նման տեղեկություններ չկան: Մեր ճշտող հարցին, թե լուրեր կան, որ Պուտինը մերժել է Փաշինյանի՝ առանձնազրույցի առաջարկը, եղել է արդյոք առանձնազրույց, թե ոչ, Բաղդասարյանը ասաց. «Ավելացնելու ոչինչ չունեմ»:
Իհարկե, մենք ոչ թե վարչապետի խոսնակի տեղեկացվածության մակարդակն էինք փորձում ճշտել, այլ երկու երկրների ղեկավարների առանձին հանդիպման մասին: Այդպես էլ, սակայն, ոչինչ չպարզվեց: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում ոչ պաշտոնական շփումներ էին տեղի ունեցել Փաշինյանի ու Ալիեւի միջեւ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում