Արցախի Ազգային ժողովը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արցախ- Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը և շրջանակի անդամները շնորհակալական նամակով ողջունել են Ֆրանսիայի Սենատի՝ հունվարի 17-ին ընդունած բանաձևը:
Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգարժան պարոն Սենատոր, խորապես զգացված ենք այն ջանքերի համար, որ Դուք և Ֆրանսիայի Սենատի խմբակցության ղեկավարները գործադրել եք 2023թ. սեպտեմբերին իր պատմական հայրենիքից բռնի կերպով տեղահանված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար՝ վերահաստատելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների եղբայրական բարեկամության և առանձնահատուկ հարաբերությունների բարձր մակարդակը:
Մենք նաև բարձր ենք գնահատում այն հետևողականությունն ու հոգատարությունը, որ Ֆրանսիական Հանրապետության Սենատի ու Ազգային ժողովի պատգամավորներդ ցուցաբերել եք նախորդ տարիներին՝ սատար կանգնելով Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկված արցախցի հայերին, որի կիզակետն, անշուշտ, 2020թ. 44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևն էր:
Այն կարևոր շեշտադրումները, որ ներառվել են հունվարի 17-ին Սենատի կողմից ընդունված բանաձևի մեջ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան դատապարտելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման և ագրեսիայի ցանկացած փորձ կանխելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադառնալու իրավունքի երաշխիքներ պահանջելու, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները դատապարտելու և նրան անհապաղ ազատ արձակումը պահանջելու և այլ կարևոր դրույթների տեսքով, խիստ արդիական են այսօր և, մենք վստահ ենք, որ ազատություն, հավասարություն և եղբայրություն արժեքների ջահակիր Ֆրանսիան շարունակելու է նոր ցեղասպանության վտանգի տակ հայտնված հայ ժողովրդին աջակցելու իր շարունակական ջանքերը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի բոլոր 20 անդամների անունից Ձեզ եմ փոխանցում մեր ժողովրդի անսահման երախտագիտության հավաստիքը և ստեղծված նոր ու բարդ իրավիճակում համագործակցելու պատրաստակամությունը: Լիահույս ենք, որ Հայաստան կատարելիք ձեր այցերի ընթացքում մենք առիթ կունենանք հանդիպել Երևանում և քննարկել հետագա փոխգործակցության հարցերը»: