Search
Close this search box.

«Վերջին շրջանում արձանագրվում է բոտուլիզմի փոխանցման նոր ուղի». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս:
Հիվանդությունն ընթանում է կենտրոնական, ինչպես նաև վեգետատիվ նյարդային համակարգերի ախտահարումով:
Clostridium botulinum-ը գրամդրական, սպոր առաջացնող, անաերոբ բակտերիա է: Ներկայումս տարբերում են Cl. botulinum-ի 7 տեսակներ՝ A, B, C, D, E, F, G, որոնց տոքսինների ազդեցությունը մարդկանց վրա տարբեր է:
Հարուցիչն արտաքին միջավայրում է` հողում՝ որպես սպորներ, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անաերոբ պայմաններ, որտեղ սպորները վերածվում են վեգետատիվ ձևերի, բազմանում և արտադրում են թույն` բոտուլաթույն:
Բոտուլաթույնը բնության մեջ ամենաուժեղ թույնն է, մարդու համար մահացու դեղաչափը հավասար է 5–50 նմգ 1կգ քաշին:
Բոտուլիզմի դեպքում փոխանցումը կատարվում է հիմնականում պահածոյացված սննդամթերքի միջոցով (ձուկ, միս, բանջարեղեն, կանաչեղեն), որտեղ բարենպաստ պայմաններ կան հարուցիչների, դրանց թույնի կուտակման համար:

Սննդային բոտուլիզմը լուրջ, պոտենցիալ մահացու հիվանդություն է, որը համեմատաբար հազվադեպ է հանդիպում: Այն թունավորում է, որը սովորաբար զարգանում է բոտուլինային տոքսինների ընդունումից, որոնք առկա են սննդամթերքում, տնային պայմաններում պատրաստված պահածոներում: Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս ազդեցությունից հետո 12-ից 36 ժամվա ընթացքում: Հիվանդությունը կարող է մահացու լինել դեպքերի 5-10%-ում:
Սննդային բոտուլիզմի կանխարգելիչ գործողություններից ամենակարևորը տնային պահածոներն օգտագործելուց առաջ 15-20 րոպե պարտադիր պահածոյի պարունակությունը ջերմային մշակման ենթարկելն է, և հնարավորինս տնային պայմաններում պատրաստված պահածոներից խուսափելը:
Մանկական բոտուլիզմը հիմնականում հանդիպում է 6 ամսականից ցածր նորածինների մոտ: Այն ի հայտ է գալիս, երբ երեխան կլանում է Cl. botulinum-ի սպորները, վերջիններս գաղութայնացվում են աղիքներում, վերածվում վեգետատիվ ձևի և արտադրում են թույն: Այնուհետև թույնը համակարգորեն կլանվում է: Հաճախ մանկական բոտուլիզմը պայմանավորվում է մեղրի օգտագործմամբ:

Թոքային բոտուլիզմը փոխանցվում է աերոզոլացված բոտուլոտոքսինը շնչելով և հետո թոքերով համակարգորեն կլանմամբ: Թույնի բոլոր տեսակները զենքի են վերածվել, և դրսևորել են պրիմատների շրջանում հիվանդություն առաջացնելու կարողություն:
Վերքային բոտուլիզմն առաջանում է, այն դեպքում, երբ սովորական վերքը ախտահարվում է Clostridium botulinum-ով: Նման դեպքեր գրանցվել են նաև ներերակային թմրամիջոցներ օգտագործողների շրջանում, հերոինի ենթամաշկային և միջմկանային ներարկումների ժամանակ:
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` որպես համաճարակաբանական յուրահատկություն՝ անհրաժեշտ է նշել, որ բոտուլիզմի դեպքում հիվանդ մարդը առողջ մարդու նկատմամբ միանգամայն անվտանգ է:
Վերջին շրջանում արձանագրվում է բոտուլիզմի փոխանցման նոր մեթոդ: Մաքուր տոքսինի կողմնակի ազդեցությունները առաջացել են պացիենտների մոտ դրա բժշկական կամ կոսմետիկ օգտագործման արդյունքում:

Առաջին անգամ բժշկական նպատակներով բոտոքս է կիրառել ամերիկացի ակնաբույժ Ալան Սքոթը։ Օրգանական թույնի օգնությամբ նա բուժում էր բլեֆարոսպազմով տառապող հիվանդներ։ Սքոթի օրինակին հաջորդել են բազմաթիվ այլ բժիշկներ։ Բացի դրական բժշկական ազդեցությունից, հայտնաբերվել է նաև բոտուլինատոքսինի կոսմետիկ ազդեցությունը, քանի որ ներարկումների շրջանում կնճիռներն ու ծալքերը հարթվում են։
Այսպիսով, բոտուլինային տոքսինը սկսեց օգտագործվել նաև էսթետիկ բժշկության բնագավառում:
Ըստ տվյալների 1989-2003թթ. բոտոքսի ներարկումները 28 մահվան պատճառ են դարձել: Տասնհինգ տարվա ընթացքում միլիոնավոր ներարկումների քանակության դեպքում 28 մահվան դեպքը բավականին աննշան ցուցանիշ է (0.01%-ից պակաս): Ավելին, շատ դեպքերում այն ներարկվել է բժշկական նպատակներով։ Կոսմետիկ նպատակներով բոտուլինոտոքսինն օգտագործվում է շատ ավելի փոքր չափաբաժիններով, որոնք հարյուր անգամ պակաս են մահացու չափաբաժնից:
Բժշկական նպատակներով այն օգտագործվում է տարբեր նյարդաբանական հիվանդությունների դեպքում, օրինակ` քրոնիկ միգրենի, մկանային սպազմի և գերակտիվ միզապարկի: Օգտագործվում է նաև Ֆրեյի համախտանիշի բուժման համար, երբ բուժման հիմնական մեթոդը բոտուլինային տոքսինի ներմաշկային ներարկումներն են։
Համաձայն վերջերս Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հրապարակած հոդվածի՝ 2023թ. փետրվարի վերջից մինչև 2023թ. մարտի 30-ը Գերմանիայում (30), Ավստրիայում (1), Ֆրանսիայում (1), Շվեյցարիայում (2) և Թուրքիայում (53) գրանցվել է բոտուլիզմի 87 դեպք՝ կապված բոտուլինային նեյրոտոքսինի ներստամոքսային ներարկման հետ:

Տեղեկատվությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում իրականացվել են բժշկական միջամտություններ, որոնք իրականացվել են բուժառուների քաշի նվազեցման նպատակով:
Դրանք անցկացվել են 2023թ. փետրվարի 3-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում։ Հաղորդվում է, որ պացիենտները ստացել են ներստամոքսային բոտուլինային նեյրոտոքսինի ներարկումներ՝ ճարպակալումից ազատվելու համար, երկու մասնավոր հիվանդանոցներում՝ Ստամբուլում և Իզմիրում: Գերմանիան հայտնել է, որ գերմանացի պացիենտների համար կիրառվող դեղաչափերը տատանվում են բոտուլինային նեյրոտոքսինի 1000-2500 միավորի միջև:
Ախտանիշները տատանվել են մեղմից մինչև ծանր, իսկ մի քանի պացիենտ նույնիսկ հոսպիտալացվել է: Հոսպիտալացվածներից մի քանիսը բուժում են ստացել ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում` բոտուլինային հակատոքսինով: Արձանագրված բոլոր դեպքերում օգտագործված սրվակների վրա բացակայել է արտադրման ամսաթիվը:
Բոտուլիզմի այս տեսակը կոչվում է յատրոգեն բոտուլիզմ, որը կարող է առաջանալ որպես կողմնակի ազդեցություն բոտուլինային նեյրոտոքսինի կիրառումից հետո՝ բուժական կամ կոսմետիկ նկատառումներով:

Չնայած այն հազվադեպ է արձանագրվում, այն մարդիկ, ովքեր բոտուլինային նեյրոտոքսինի ներարկումներ են ստանում կոսմետիկ կամ բուժման նպատակներով, կարող են բոտուլիզմով հիվանդանալ, եթե նրանց տրվի բոտուլինային նեյրոտոքսինի չափազանց մեծ չափաբաժին:
Կոսմետիկ բուժումից հետո թունավոր երևույթները կարող են ներառել տեսողության պղտորում, կոպերի անկում, կլման ակտի դժվարություն և բերանի չորություն, երկտեսություն, մշուշված տեսողություն: Այս դեպքում անհապաղ պետք է դիմել բուժօգնության:
Խուսափեք ոչ մասնագիտական և ոչ մանրէազերծ ներարկումներից ու միջամտություններից: Եղեք տեղեկացված»:

Please enter a valid URL