Ի պատասխան ռուսական ակտիվների հնարավոր բռնագանձման, ՌԴ նախագահ Պուտինն իր վարչակազմին հրահանգել է արտասահմանում փնտրել անշարժ գույք և այլ ակտիվներ, որոնք նախկինում պատկանել են Ռուսական կայսրությանը և ԽՍՀՄ-ին։ Այդ նպատակների համար ՌԴ բյուջեից պետք է գումար հատկացվի, միջոցները պետք է ուղղվեն Ռուսաստանի ակտիվները պաշտպանելուն՝ որոնելու, ձեւակերպելու և իրավական ընթացք տալու համար:
Մեծ Յոթնյակի երկրները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ 2022-ին համաձայնության էին եկել ռուսական ոսկու գնումներն արգելելու հարցում եւ կոչ էին արել այլ երկրների եւս միանալ այդ նախաձեռնությանը։
Ռուսական ոսկին ճակատագրական նշանակություն է ունեցել Հայաստանի համար։ Ռուսաստանում 1919-1923 թվականներին գտնվող ցարական եւ այլ երկրների պահ տրված ոսկին օգտագործվել է երեք իրար կապակցված նպատակներով, ինչպես գրում է Եզերքը:
«Մասնավորապես, առաջինը Մուստաֆա Քեմալին Արեւմտյան Հայաստանի եւ անկախ Հայաստանի Հանրապետության ոչնչացման նպատակով՝ 1919 թվականին համաձայնեցված հատկացումն է, որը իրականում բազմապատիկ գերազանցել է իբր «ցարական չերվոններով վճարված» խղճուկ 10 միլիոն ոսկին: Նույն հակահայ նպատակին էր ծառայում Կովկասում անգլիական եւ ֆրանսիական ներկայության վերացմանը «նպաստող» [Bechhofer Roberts, 2] ոսկու նվիրաբերությունը եվրոպական երկու երկրների բյուրոկրատիաներին եւ ֆինանսական արքաներին: Սակայն ծավալով առավել մեծը երրորդն էր. ծովակալ Ալեքսանդր Կոլչակին դավաճանելուն նպաստող բոլշեւիկյան կաշառքը [Ելենա Ճավճավաձե. 3] արեւմտյան տերություններին: Վերջիններս, Առաջին աշխարհամարտի հաղթական ավարտի պայմաններում, ամենեւին շահագրգռված չէին ուժեղ «սպիտակ» Ռուսաստանով, համենայն դեպս, ոսկու փայլը շատ ավելի գրավիչ էր, քան Անտանտի շրջանակում դաշնակցային հավատարմության շարունակությունը»:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն, իր հերթին, 1923-ին Լոզանի կոնֆերանսում նեղուցների խնդրով բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության վրա ճնշում էր գործադրում՝ պահանջելով հրապարակել 1921 թ․ Կարսի ռուս-թուրքական պայմանագրի գաղտնի հավելվածները, ակնարկելով հայերի հետագա ոչնչացմանը եւ ցրմանը վերաբերող դրանց բովանդակությունը:
Գաղտնի հավելվածներում, ընդ որում՝ ռուսների պահանջով, բացառվում էր Կարսում հանրաքվեի եւ հայերի վերադարձը իրենց տները, իսկ որպես երաշխիք՝ 1921-1923 թթ․ թուրքական բանակը Կարմիր բանակի աջակցությամբ արդեն խորհրդայնացված Հայաստանում իրականացրեց թուրքահայերի մնացորդների ջարդը․ սպանվեց մոտ 400 հազար հայ, մյուսները քշվեցին Ռուսաստանի խորքերը։ Նախիջեւանի հայաթափումը եւ Արցախի դեմ 2020-ի համատեղ արշավը նույնպես բխում է այդ պայմանագրից։
Սովի, պատերազմի, ավերների մեջ գտնվող Ռուսաստանը, կտրելով իր բերանից, ոսկու պաշարները ծախսում էր Հայաստանը եւ հայերին ոչնչացնելու, արտաքին միջամտությունը բացառելու եւ քեմալական Թուրքիան կերտելու համար։ Ռուսաստանը մինչ օրս հրաժարվում է վերադարձնել ժամանակին իրեն պահ տրված այլ երկրների ոսկին։ Մասնավորապես, նման հերթական սկանդալը եղավ 2022-ին, Ռումինիայի հետ։
Այս ոսկի՞ն է նաեւ փնտրում Պուտինը։ Իսկ եթե Բրիտանական կառավարության օրինակով կրկի՞ն Մոսկվայից պահանջեն հրապարակել 1921 թ․ Կարսի ռուս-թուրքական պայմանագրի գաղտնի հավելվածները, 2020-ի «եռակողմ հայտարարության» գաղտնի հավելվածները», որոնք վկայում են Ռուսաստանի կողմից Հայաստանի օկուպացիայի եւ հայերի ցեղասպանության նախաձեռնումն ու իրականացումը։
lragir.am