Հայաստանի պետականությունը վերացնելու հանձնառությունը պահանջում է ամենօրյա ռեժիմով հանրության ուղեղների լվացում, ամեն անգամ ագենտուրային մի եզրի ներմուծումով։ ՀՀ վարչապետի աթոռին դրված թշնամին վերջին օրերին արտաբերում է «լեգիտիմություն» բառը։ Որն է նպատակը
Երեկ Արդարադատության նախարարությունում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը տարածք չունեցող, ոչ լեգիտիմ կազմավորում է, կրկին «մոռացավ» 29,8-ը, հրաժարվեց Հայաստանի Առաջին, Խորհրդային եւ երրորդ հանրապետությունների իրավաժառանգորդությունից, իրավաբանական համայնքին հանձնարարեց գրել նոր Սահմանադրություն, ինչը նշանակում է Հայաստանի պետականության լուծարումը։
Իրավաբանական համայնքի առջեւ խնդիր դրեց լեգիտիմացնել ոչ միայն այս իրողությունները միջազգային ատյաններում, այլեւ իր քաղաքական որոշումները։ Խնդիրը հետեւյալն է․ իրավունքը հայկական կողմում է, այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանի հանդեպ, խախտում են միջազգային իրավունքը եւ Հայաստանի ներպետական օրենսդրությունը։
Փաշինյան-քպ-ի առաքելությունը հայկական իրավունքների չեզոքացումն է միջազգային հնարավոր բոլոր ատյաններում։ Սակայն նույնիսկ սա չի հանում խնդիրները Հայաստանի պետականության վերացման ծրագրերի արտաքին կոնսենսուսի մասնակիցների համար եւ չի «լեգիտիմացնում» դրանք։ Փաշինյանը պարտավորվում է ոչնչացնել հայկական իրավունքների բոլոր հիմքերը, հիմնադիր փաստաթղթերը եւ դրանք փոխարինել իր «քաղաքական որոշումներով», որոնք միակ «լեգիտիմ» ակտերն են լինելու։
Որոնք են այդ «քաղաքական որոշումները»՝ Արցախը եւ Նախիջեւանը ազերբայդժան են, ՀՀ տարածքը ենթակա է միջանցքներով օտարման եւ օկուպացիայի, բնակչության տարագրում, ցապարների զանգվածային բնակեցում, Երեւանի բաժանում «կանաչ գծով»։ Փաշինյանն այդպիսով եւս մեկ անգամ հաստատեց, որ ինքն է առաջնորդում եւ ուղղորդում Հայաստանի վերացման ծրագրերը։ Պատահական չէ, որ օրերս ԱԺ-ում իր հենակ Հայաստան դաշինքին խնդրում էր իրեն դավաճան կոչել, ոչ թե ասել, որ ձախողվում է կամ սխալներ է գործում։
Արդարադատության նախարարությունից հետո Փաշինյանը գնացել էր ՔՊ՝ թշնամական այդ խմբակին ներկայացնելու իր նոր «տեսլականը»։ Մի հատված նրա ելույթից․
«Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են նույնիսկ տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ, նպատակամղված փակուղի մտցնել խաղաղության գործընթացը՝ ինչ-ինչ հետագա նպատակներով: Բայց նույնիսկ այս մեկնաբանության պարագայում, ես կարծում եմ, որ մենք մեր ռազմավարությունը չպետք է փոխենք: Եթե նույնիսկ պարզվի, որ Ադրբեջանն առաջնորդվում է իր նշած վատագույն սցենարով, սա հայկական կողմի ռազմավարությունը չպետք է փոխի: Հայաստանի ռազմավարությունը պետք է հենվի լեգիտիմության վրա»:
Կարծում ենք, պատրաստված ընթերցողի համար կարիք չկա մեկնաբանել այս հայտարարությունը։
lragir.am