Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Թալինի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Mercedes Vito և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 14 հոգի, որոնցից 4-ին Թալինի հիվանդանոց են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հարություն Պողոսյանը, մի քանիսին էլ նույն վաշտի պարեկներն ու Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում հերթապահություն են իրականացնում։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes Vito-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, որոնցից մեկը մոտ 3 մետր շպրտվել է։
Պարեկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից բժշկական պարագաներ են օգտագործել, իսկ բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Վիրավորների մեջ կան երեխաներ, իսկ 2 վիրավորներ Թալինի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին Երևանի հիվանդանոցներ։Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։