Մենք Ադրբեջանից, Ադրբեջանն էլ մեզնից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում, որ մենք փոխադարձաբար տարածքային նկրտումներ չունենք։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ, որ Ադրբեջանը ՀՀ–ից թաքնված տողատակերում չի ուզում ապագա տարածքային պահանջների համար կռվաններ թողնել, բայց նաև պատրաստ ենք տալ այդպիսի երաշխիքներ։ Սա փոխկապակցված գործողություն է։ Դա ոչ մի կողմից չի կարող լինել միակողմանի»,– ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս պահին շատ թե քիչ ակտիվ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները:
«Հիմնականում աշխատանքային կապուղիներ կան աշխատելու մասնավորապես իմ աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև»,-ասել է վարչապետը:
Նա նշել է, որ հենց այդ կապուղիներով դեկտեմբերի 7-ին ընդունվեց համատեղ հայտարարությունը, որի արդյունքում Ադրբեջանից Հայաստան վերադարձան 32 գերի: Վարչապետը հավելել է, որ աշխատանքային թեման հիմնականում խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն է։
«Դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր, տողատակեր են ունենում: Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ՝ մեր, առաջարկների տողատակերում տարածքային պահանջների եթե ոչ այսօր, ապա հետագա վտանգներ ենք տեսնում»,-ասել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ իրադրությանը պետք է վերաբերվել որպես աշխատանքային գործընթացի, որը պետք է շարունակել կառավարել` մինչև հարցերը պատասխան ստանան:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է միայն Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքների համաձայն։ Ճիշտ է, ըստ վարչապետի` պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են նույնիսկ տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է խաղաղության գործընթացքը դիտավորյալ փակուղի մտցնել, բայց նույնիսկ այդ պարագայում, ըստ Փաշինյանի, Հայաստանի ռազմավարությունը չպետք է փոխվի։
«Մեր ռազմավարությունը եղել է և մնում էՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդումը, հաստատումը Ալմա Աթայի հռրակագրի հիման վրա»,– ասել է նա։
Վարչապետը հիշեցրել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ունեն միջազգայնորեն ճանաչված սահմաններ, և երբ Հայաստանը կանգնում է այդ տարածքի անվտանգության պահպանության դիրքերում` կանգում է լեգիտիմ հենքի վրա, ինչը պետք է լրացուցիչ գործոն դառնա անվտանգության համար։