«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական փակ հանդիպումներում, այսպես կոչված, «գաղափարական հարցերի» շրջանակներում խոսում է Սահմանադրությունը փոխելու, ավելի ճիշտ՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին՝ համարելով, որ դա է խանգարում Հայաստանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելուն։
Բանն այն է, որ Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։
Հռչակագրում ամրագրված է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Մեզ ասացին, որ Փաշինյանը զգուշացրել է նաեւ, որ արտահոսքեր չլինեն, մինչեւ թիմում գան ընդհանուր հայտարարի։
Մեզ պատմեցին, որ ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը՝ Հռչակագրի մեջ ամրագրված նպատակները վերափոխելու հետ կապված, որոնց թվում՝ Վլադիմիր Վարդանյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում