Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը, որով դատախազությունը պահանջում էր նորից կալանավորել նրան։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ վճռաբեկ բողոք էր ներկայացվել Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման ևդատախազությունն ակնկալում էր վճռաբեկից, որ այն նորից Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառի կալանավորումը։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելով վարչական հսկողությամբ և գրավով՝ 20 մլն դրամի չափով։
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է հողատարածքի օտարմանը։ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նկատենք, որ ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։
Գործով մեղադրյալները 13-ն են, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։