ՀՀ զինված ուժերում վերջին 4 տարում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձանագրել է մահացության դեպքերի դինամիկ աճ։
Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
«2018 թ. մահվան 63 դեպք է արձանագրվել, 2019-ին՝ 49, 2020 թ.՝ 54 դեպք, 2021 թ.՝ 58 դեպք, 2022 թ.՝ 64, 2023 թ. ավելի շատ»,- նշեց նա։
Նույն իրավիճակն է նաև ինքնավնասումների առումով․ 2020 թ.՝ 65, 2021 թ.՝ 77, 2022 թ.՝ 108 ինքնավնասման դեպք։
«Երբ խոսում ենք խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան մասին՝ միանգամից մեր մտքում գալիս են կարգապահության հետ կապված հարցերը: Սա ամենախորքային խնդիրն է, որ տարիներ շարունակ կա և ներկայումս էլ առկա է»,- ընդգծեց Եղոյանը։