Search
Close this search box.

ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, 12,5 տոկոս բաժնեմաս կունենա Ամուլսարում. Փաշինյան

«2023 թվականին Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը»:

Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը՝ նկատելով՝ ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ:

«Հուշագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է նաև Կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը: Նախածով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը, համաձայն որի՝ ՀՀ-ն «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի թողարկած 5000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն՝ 12,503 հատ բաժնետոմս կընդունվի»,- մանրամասնեց Իսպիրյանը:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ըստ էության՝ մենք վերջին 6 տարիների ընթացքում անընդհատ առնչվել ենք Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, և եղել են բազմաթիվ մտահոգություններ: Կառավարությունը հետևողական է եղել այդ բոլոր մտահոգությունների հետևից գնալու, հարցերի պատասխան ստանալու առումով, և այն ժամանակ, երբ մենք այդ բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը:

Շատ ողջունելի է, որ ներդրողները ցանկացել են, որ ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ, և տվյալ դեպքում դա բաժնետոմսերի 12,5 տոկոսն է: Ամեն տարի ազդակիր համայնքներին կվճարվի 7 միլիոն դոլար, տվյալ դեպքում, ըստ էության, ազդակիր համայնքներն են Սիսիանը, Ջերմուկը և Վայքը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Please enter a valid URL