«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց՝ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, չնայած թեժ բանավեճերին ու դժգոհություններին, հունվարի 16-ի ԱԺ նիստում վերջնական ընդունվեց:
ՔՊ-ական պատգամավորի նախագիծը դժգոհության ալիք էր բարձրացրել հենց իր թիմի ներսում. իշխանական պատգամավորներն անթաքույց իրենց անհամաձայնությունն էին հայտնում դրա հետ կապված:
Չնայած նախագիծն ընդունվեց իշխանական պատգամավորների մեծամասնության կողմ քվեարկությամբ, բայց ՔՊ-ականներից մի քանիսը, ամեն դեպքում, մնացին անդրդվելի ու չմասնակցեցին Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը:
Այսպիսով, Հայկ Սարգսյանի նախագիծն ընդունվել է 63 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ
ձայների հարաբերակցությամբ:
Իշխանական պատգամավորներից քվեարկությանը չեն մասնակցել Անդրանիկ Քոչարյանը, որը հենց հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ էր դժգոհությունն իր արտահայտել նախագծի մասով. վերջինս քվեարկության պահին նիստերի դահլիճում չի եղել:
Քվեարկության ժամանակ բացակա են եղել նաեւ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը եւ Արման Եղոյանը:
Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը ՔՊ-ական պատգամավորներից չեն մասնակցել
Վիլեն Գաբրիելյանը,
Գուրգեն Արսենյանը,
Լենա Նազարյանը,
Սարգիս Խանդանյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ էին քվեարկել ՔՊ-ական պատգամավորի նախագծին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ձեռնպահ էին քվեարկել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում