Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից մանրամասներ են ներկայացրել բանաձևի վերաբերյալ: Դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.
-Աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը,
-Դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում,
-Կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը,
-Կոչ է անում ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
-Նշում է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով,
-Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները,
-Կոչ է անում հեռացնել Ադրբեջանին Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից,
-Կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը և գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար,
-Կարևորում է նաև ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:
Բանաձևը համահեղինակել են Սենատի բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարները` Բրունո Ռըտայոն, Մարիզ Կարրերը, Սեսիլ Սուկիերմանը, Գիյոմ Գոնտարը, Պատրիկ Կաները, Հերվե Մարսելը, Կլոդ Մալյուրեն և Ֆրանսուա Պատրիան, ինչպես նաև Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:
Նիստը նախագահում էր Սենատի փոխնագահ Սոֆի Պրիմասը։ Նիստին ներկա էր նաև Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը»։
Ֆրանսիայի սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչի վերաբերյալ բանաձևը