Search
Close this search box.

Վաղը Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, ասում է՝ չկա սահման. Ի՞նչ հակաքայլ եք առաջարկում. Խաչատրյանը՝ Փաշինյանին

Առաջին անգամ դուք «խաղաղության օրակարգ» արրտահայտությունն օգտագործել եք 2019-ին, եւ խոսում էինք խաղաղություն պարտադրելու մասին. ակներեւաբար խաղաղության օրակարգ թշնամուն չկարողացաք պարտադրել: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Խաղաղության օրակարգը 2021-ից այլ իմաստ ստացավ, 2022-ին այն բյուրեղացավ՝ «զիջումներ, միայն, թե կարողանամ Հայաստանի 29 800 քկմ-ն պահել»:2023-ի մայիսին արդեն ընդունեցիք Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը՝ չունենալով դրա իրավունքը: Ալիեւն իր վերջին ծավալուն հարցազրույցում ասաց, որ ինքը ոչ պատրաստ է տարածքներ ճանաչել, սահմաններ ճանաչել, ինքն այլ ռեժիմ է առաջարկում, ճանապարհը պահանջում է Մեղրիով, եւ իր պահանջած ռեժիմը միջանցքից չի տարբերվում: Այս նոր իրավիճակում ի՞նչ լուծում եք առաջարկում»,-ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այն գործողություններն ու հայտարարությունները, որոնց մասին խոսում եք, դրանց նպատակը կապված է եղել միայն Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ: Մենք մի բան չենք նկատել, որ անկախության գոյության ողջ ընթացքում մենք Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել, լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ պրոբլեմ է:

Այս ընդհանուր անվտանգային մարտահրավերների մեջ մեր ռազմավարական ընկալումը հետեւյալն է, որ մեր բոլոր դիրքորոշումները պետք է հենվեն լեգիտիմության վրա, պետք է լինեն բացառիկ լեգիտիմ:

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին, ես դրանց հրապարակային արձագանքել եմ եւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներառում է ձեր հարցի պատասխանը: Մեր հարցադրումներին ի պատասխան Ադրբեջանը երկու հակադարձում է անում: Առաջինն այն է, որ եթե Հայաստանը պատրաստ չէ ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից: Երկրորդ հարցադրումն այն է, թե ինչու պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջեւան անցման ժամանակ, որը 47 կմ է, տեղի ունենան ինչ-որ ստուգման գործընթացներ: Մենք դրան պատասխանում ենք այսպես. Ինչ պայմաններով Իրանը տալիս է այդ անցումը, Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով տալ: Եթե ՀՀ տարածքով անցումը 47 կմ է, Իրանի տարածքով էլ 49 կմ է: Եթե կարելի է հսկողական գործառույթներ ընդունել 49 կմ-ի համար, բնականաբար, դրանք չեն կարող անընդունելի լինել 47 կմ-ի համար»:

Արթուր Խաչատրյանը հակադարձեց. «Դուք ասում էիք՝ կտանք Արցախը, փոխարենը Ադրբեջանը կճանաչի սա, ճանապարհի հարցը կլուծենք, փախստականների հարց կա եւ այլն: Ադրբեջանը ասաց, որ ինքը դա չի ընդունում: Ստացվեց, որ Ադրբեջանը պոկեց ձեր ճանաչումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, փոխարենը բացարձակապես ոչ մի բան չտվեց: Վաղը Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, ասում է՝ չկա սահման: Նոր անվտանգային իրավիճակ է ստեղծվե, կոնկրետ ի՞նչ հակաքայլ եք առաջարկում»:

Փաշինյանը կրկնեց, որ Հայաստանի համար կարեւոր գործոնը պետք է լինի միջազգային իրավական լեգիտիմությունը՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հետ. «Մի շատ կարեւոր տեղի դիպաք՝ ասելով, որ բանակցային գործընթացում ԼՂ-ի կարգավիճակի որոշում առանց սահմանափակումների: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ առանց սահմանափակումների նշանակում է նաեւ զրո կարգավիճակ, այդ թվում Ադրբեջանի կազմում: Այդ զրո կարգավիճակին հասնելու համար 2018-ի օգոստոսի դրությամբ բանակցային գործընթացում ամբողջ բովանդակությունը դասավորված էր ինչպես ասում են, նախապատրաստի իրավիճակում»:

Please enter a valid URL