Հնարավո՞ր է, որ Տիգրան Ավինյանը ներողություն խնդրի մարդկանց ճանճերի հետ համեմատելու համար, այն մարդկանցից, որոնք դիրքորոշում էին հայտնել եւ դեմ էին արտահայտվել օղակաձեւ զբոսայգում թենիսի կորտերը քանդելուն: Այս հարցը լրագրողները տվեցին Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին ճեպազրույցի ժամանակ։
Ի պատասխան Կոստանյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ պարոն Ավինյանը նկատի է ունեցել այն ադեկվատ մարդկանց, որոնք իրոք մտահոգություններ ունեն: Եթե չեմ սխալվում, ինքը նշել էր, որ քաղաքական որոշակի դիվիդենտներ են ուզում ստանալ: Այդ շրջանակին նկատի ուներ»:
Դիտարկմանը, որ այսինքն կա մարդկանց ցուցակ, որոնք կարելի է համեմատել ճանճերի հե՞տ, նա արձագանքեց. «Տրամաբանությունը հուշում է, որ եթե որեւէ մեկիս հասցեին ադեկվատ քննադատություն է հնչում, մենք դա նորմալ ենք համարում, բայց երբ իրականությանը չհամապատասխանող, վիրավորական բաներ են ասվում, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ գնահատական տա»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադառնալով Օղակազեւ զբոսայգում թենիսի կորտերը քանդելու խնդրին, ասել էր հետեւյալը. «Լուծումներն այստեղ մեզ համար շատ պարզ են, «Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, և մենք դա ապահովելու ենք, պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն` պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք քանդման աշխատանքներին: Ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերականգնմանը, այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որ տարածքը վերադարձվի երևանցիներին, պարզապես աղմուկը այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդո-մասնագետներ սկսեցին անդրադառնալ այս հարցին, անգամ հասան գնահատականի, որ սա կոռուպցիա է: Բոլոր նրանց, որ ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ` չի ստացվի»: