Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ: Այս հարցի առնչությամբ ԲԴԽ-ն հետևյալ պարզաբանումն է տարածել.
«Ի պատասխան հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ, երբ «գործով վկաներն արդեն իսկ հարցաքննվել են», ցանկանում ենք պարզաբանել հետևյալը:
Դատարանը գտել է, որ երբ պարոն Աշոտյանի նկատմամբ ընտրված է եղել ՀՀ-ից բացակայելու արգելքը, նա խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչն էլ հիմք է հանդիսացել կալանավորման: Դատարանն արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105–րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ մի տվյալ նախապես հավաստի ապացույցի ուժ չունի, սակայն, խափանման միջոց կիրառելու հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, իսկ գործում առկա փաստական տվյալները բավարար են եղել հանգելու հետևության, որ քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, պարոն Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին»։