Հայաստանում այս կամ այն պատվավոր կոչում ունեցող անձինք կշարունակեն ամսական 40 հազար դրամի հավելում ստանալ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Պետական պարգեւների եւ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունվարի 15-ին ասել է արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։ Խոսքն ընդհանուր առմամբ մոտ 1 000 մարդու մասին է։
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում այս կամ այն պատվավոր կոչումները պետք է վերացվեն։ Երկրում, նրա խոսքով, այսօրվա դրությամբ գործում է 17 պատվավոր կոչում։ Օրինակ՝ Ժողորդական արտիստ, Արվեստի վաստակավոր արտիստ, լրագրող, մշակույթի գործիչ, տնտեսական ոլորտի աշխատող։ Դրանք բոլորը պետք է վերացվեն։ «Կմնա միայն «Վաստակավոր կոլեկտիվ» կոչումը»,- նշել է Հարությունյանը։
Նա նշել է, որ այդ կոչումները ոչ մի կապ չունեն պրոֆեսիոնալ աճի հետ։ «Շատ երկրներում նման կոչումներ չկան, իսկ մասնագետների եւ մշակույթի գործիչների խրախուսումները հիմնվում են գործուենության կոնկրետ արդյունքների վրա»,- ընդգծել է փոխնախարարը։
Նախագծի աշխատանքին մասնակցել են ինչպես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, այնպես էլ առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունները, քաղաքաշինության կոմիտեն։ Նշված բոլոր գերատեսչություններն աջակցել են անհատական հիմքով տրվող կոչումների չեղարկման փաստարկներին։
Հարությունյանի խոսքով՝ իշխանությունները մտադիր են մշակել խրախուսման ավելի ժամանակակից մեթոդներ։ Արդեն Ժողովրդական եւ Վաստակավոր արտիստների կոչումներ ունեցողները, սակայն, կպահպանեն դրանք, կպահպանվեն նաեւ նրանց հավելավճարները։