Search
Close this search box.

Ռուսաստանը չէ՞ր, որ թողեց հայ ժողովրդին, զենքը տվեց թուրքին. Սասուն Միքայելյան

«Պատերազմը հաղթել է հայ ժողովուրդը, թող ոչ ոք դա իրեն չվերագրի։ Մենք ընդամենը մասնակից ենք եղել։ Այն ժամանակ ավելի վատ սոցիալ-տնտեսական իրավիճակ էր երկրում, բայց ավելի համախմբված էինք։ Այդ ժամանակահատվածում հայ ժողովուրդն ուժ գտավ, համախմբվեց, իսկ այս մասնատվածությունը շատ սխալ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Մեր զրուցակիցը նշում է՝ անհրաժեշտ է համախմբվել ու ամեն րոպե պատրաստ լինել պատերազմի. «Բոլորս էլ հասկանում ենք, որ Ադրբեջանը իր նոր ու ժամանակակից սպառազինությամբ հզոր է, բայց դա չպետք է մեզ վախեցնի, մենք պատրաստ ենք Ալիևի մարտահրավերներին»,- ընդգծեց Միքայելյանը։

Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանի աջակցությանը, Սասուն Միքայելյանն ասաց. «Ռուս ազգը կամ միշտ ուշացել է, կամ էլ իր շահերից ելնելով քաղաքականություն է վարել։ 1915 թվականին Ռուսաստանը չէ՞ր, որ թողեց հայ ժողովրդին, զենքը տվեց թուրքին, հետ քաշվեց ու թողեց, որ հայ ժողովրդին կոտորեն։ Ես այսօր իրենց որպես դաշնակից չեմ տեսնում, կարող է շահերի զուգադիպություն լինել, բայց մենք պետք է կարողանանք ինքներս դիմակայել այս ամեն ինչին»։

Սասուն Միքայելյանը հավելում է. «Ի՞նչ բանակցություն կարող է լինել, երբ ասում են՝ Երևանը մերն է։ Ես համոզված եմ, որ այն ժամանակ պետք է ոչ թե զինադադարի պայմանագիր ստորագրեինք, այլ Ադրբեջանի կապիտուլյացիայի։ Ուրիշ հարց պետք է դրվեր ու ուրիշ ձև լուծվեր այս հարցը։ Հիմա ունենք ազատագրված Արցախ, թող որևէ մեկը չպատկերացնի, որ առանց Արցախ, Հայաստան կարող է լինել»,-եզրափակեց Սասուն Միքայելյանը

Please enter a valid URL