Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոկտեմբերի 20-ի կամ 21-ի գիշերն էր: Հիմա լավ չեմ հիշում՝ ես էի մեսինջերով գրել Հայկ Խանումյանին, թե ինքը: Հայկը այդ ժամանակ Խծաբերդ-Իշխանասար ուղղության վրա էր:
Ես գիտեի, որ ադրբեջանցիները Հակարի գետի երկայնքով՝ հոսանքին հակառակ, շատ արագ գրավումներով մոտենում են Բերձորին:
Այդ օրը կամ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Տիրան Խաչատրյանին և Անդրանիկ Փիլոյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվելու՝ նրանց քաջագործությունների համար: Ես գիտեի, որ Ազգային հերոսները հենց այն ուղղության վրա են, որտեղից ադրբեջացիները ուղղակի տասնյակ կիլոմետրերով են առաջ գալիս:
Հայկը զայրացած ասում էր՝ ադրբեջանցիները 80 կիլոմետր միանգամից առաջ են եկել, որ մերոնք այնպես արագ են նահանջել, որ կորցրել են հակառակորդի տեղը, որ Տիրան Խաչատրյանը իր ենթակայության տակ գտնվող զորքի տեղի չգիտի և շտաբը օրումեջ փոխում է:
Մեր խոսակցությունը հենց այն ֆոնին էր, որ Խաչատրյանն ու Փիլոյանը Ազգային հերոսի կոչման են արժանացել:
Այսօր կարդացի հայտնի կրակոցի մասին ու հիշեցի 44-օրյա աղետի այս դրվագը:
Ես չգիտեմ՝ ի՞նչ կանեին ինձ, եթե հենց այդ օրը այս մասին գրեի, այն օրը, երբ Փաշինյանը Խաչատրյանին Ազգային հերոսի կոչման էր արժանացնում:
Ես անգամ չգիտեմ, հիմա ճիշտ է՞ այդ մասին գրելը»։