Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. 182 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել

Ձյան տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումները շուրջօրյա ռեժիմով շարունակում են իրականացնել շրջայցեր, հերթապահություններ, ինչպես նաև նախապես ծավալված առաջնային օգնության կետերում քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն՝ տրամադրելով տաք սնունդ և տաքանալու պարագաներ։

Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են հերթապահություն իրականացնել Երևան-Սևան ավտոճանապարհի 3 հենակետերում, Արագածոտնի մարզի Քուչակ, Ծիլքար գյուղերի մոտակայքում, Սյունիքի մարզի Գորայք, Շինուհայր, Աղվանի բնակավայրերի, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ի և Դիլիջան-Երևան 7-րդ կմ-ի մոտակայքում։

Հունվարի 10-ից 12-ը ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան, Սևան, Ջերմուկ, Վայք, Հրազդան, Ապարան քաղաքներում, Ջրվեժ, Ֆանտան, Գորայք, Սպանդարյան, Գողթանիկ, Կարմրաշեն, Ալագյազ գյուղերում, Երևան-Սևան, Ապարան-Կայք, Վանաձոր-Ստեփանավան, Սարավան-Զանգեր, Տաթև-Լծեն-Սիսիան, Գորիս-Տաթև, Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին։

Վերոնշյալ հատվածներում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց և 182 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով փրկարարական ծառայողները համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինարարական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։

Please enter a valid URL