Կոտայքի մարզի Արամուս գյուղում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողը հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հունվարի 11-ին Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ժամանակ մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել, միջադեպի ժամանակ Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկանությունից նշում են, որ հունվարի 11–ին` ժամը 23–ին, ահազանգ են ստացել մի քաղաքացուց, որ Արամուս գյուղում կռիվ է։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը հասել է Արամուս, նոր հաղորդում են ստացել, որ Արամուս գյուղից շտապօգնության խումբը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու` հրազենային վնասվածքով։ Բժիշկներին հաջողվել է հանել գնդակը:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում»,–ասված է հաղորդագրությունում։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ 297–րդ, 335–րդ, 167–րդ հոդվածների հատկանիշներով։