Քրեական գործ է հարուցվել Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների միջադեպով, որի հետևանքով կա տուժած։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը` մեկնաբանելով ԶԼՄ–ներում տարածված լուրը։
ArmLur.am–ի տեղեկություններով` Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ժամանակ մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել։
Միջադեպի ժամանակ Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ լրատվամիջոցի` Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է։
«Ռեստորանում կրակոցների հետ կապված միջադեպ եղել է, այդ կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ 297–րդ, 335–րդ, 167–րդ հոդվածների հատկանիշներով։ Այս պահին միջադեպի մասնակիցների վերաբերյալ տվյալներ չեմ կարող ասել` նախաքննության շահերից ելնելով»,– նշեց Աբրահամյանը։
Նրա խոսքով` ընթանում է նախաքննություն, կա տուժած անձ։