Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները և դրանք համարում ենք կործանարար և իրականությանը չհամապատասխանող։ Այդ մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե ռուս խաղաղապահները ձախողել են Ղարաբաղում իրենց պարտավորությունները և բնակչության էթնիկ զտումներ են թույլ տվել։
«Տարօրինակ է, որ դրանք շարունակվում են. մենք շատ վստահելի, լավ, սերտ երկխոսություն ենք հաստատել Հայաստանի արտգործնախարարության գործընկերների հետ։ Մենք բազմիցս բացատրել ենք Ռուսաստանի դիրքորոշումն այս հայտարարությունների վերաբերյալ և ասել, որ դրանք երկկողմ հարաբերություններում միայն նոր խնդիրներ են բերում և, իհարկե, ոչ մի բանի չեն նպաստում՝ ոչ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ոչ էլ տարածաշրջանային խնդիրներին։ Բայց, ցավոք, դա, ըստ երեւույթին, այնտեղ ինչ-որ մեկին ձեռնտու է։ Չգիտեմ՝ սա ինչ-որ մեկին ձեռնտու է Հայաստանում, ձեռնտու է արդյոք Հայաստանի արտերկրում, դժվար է ասել։ Մենք կարծում ենք, որ դրանք փաստերը կեղծելու փորձեր են՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ Ես դա այլ կերպ չեմ կարող գնահատել»,- ասել է Զախարովան։