Search
Close this search box.

Նոր մանրամասներ 7 ամսական զույգ երեխաների մահվան դեպքից. Հրդեհի պահին մայրը հարևանի տանն է եղել. ընտանիքում 8 երեխա կար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախի Դադիվանք գյուղում ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 22-ի առավոտյան, 9։30-ին։

Արցախի Շահումյանի շրջանի ԱԻ վարչության բաժնի պետ փոխգնդապետ Սամվել Խաչիկյանը, որ անձամբ է մասնակցել փրկարարական աշխատանքներին և հրդեհված տնից դուրս բերել այրված երեխաների մարմինները, Sputnik Արմենիային պատմեց, որ երեխաների հայրը գյուղական դպրոցի ուսուցիչ է։ Նա առավոտյան գնացել է աշխատանքի, իսկ մայրը երեխաների հետ տանն է եղել։

Բացի 7 ամսական զույգերից, տանը նաև ընտանիքի մյուս երկու երեխաներն են եղել` 3 տարեկան տղան և 5 տարեկան աղջիկը։

«Մայրը քնած փոքրիկներին ու արթուն 2 երեխաներին թողել է տանը, ինքը դուրս եկել` հարևանի տուն սուրճ խմելու, թե ինչ-որ այլ գործերով։ Հենց այդ ժամանակ էլ հրդեհը բռնկել է»,- ասաց Խաչիկյանը։

Նա նաև նշեց, որ նախնական վարկածով, տանը ցուրտ է եղել, 3 տարեկան տղան փորձել է կրակայրիչով վառել վառարանը, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է դարձել։

«2 ավագ երեխաները հրդեհի պահին եղել են նախասրահում։ Նրանց կարողացել են արագ դուրս բերել, իսկ փոքրիկները քնած են եղել ներսի սենյակում, այդ պատճառով չի հաջողվել նրանց փրկել»,- ասաց ԱԻ փոխգնդապետը։

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։ Ընթանում է նախաքննություն։

Please enter a valid URL