20-ամյա զորակոչիկ Էրիկ Հարությունյանը մահացել է բուժհաստատության ճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հարությունյանը, որը 3 տարի տարկետում է ստացել բազմաթիվ հիվանդությունների պատճառով, մահացել է սրտի կաթվածից։ ՊՆ–ն արձագանքել էր այդ հրապարակումներին` նշելով, որ մամուլում տարածված տեղեկությունը անհիմն պատճառահետևանքային կապերի շեշտադրմամբ է եղել:
«Տուժողը գտնվել է իր քրոջ և նրա ամուսնու` Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող տանը, նրանց հետ միասին: Կանչված շտապօգնության բրիգադը տուժողին ցուցաբերել է առաջին օգնություն ու տեղափոխել բուժհաստատություն, սակայն նա հիվանդանոց է հասցվել արդեն մահացած վիճակում»,– նշել է Աբրահամյանը։
Նույն օրը մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթով հետագայում ստացվել են տվյալներ, որ Էրիկ Հարությունյանն ունեցել է առողջական խնդիրներ, ինչպես նաև մինչ այդ նա պետք է անցներ համապատասխան բժշկական ստուգումներ։
Միջոցներ են ձեռնարկվում մահվան պատճառները պարզելու, դրան նախորդած հանգամանքներին առնչվող բոլոր, այդ թվում նաև մամուլում շրջանառվող տվյալները ստուգելու նպատակով։
Նշենք, որ Էրիկի հարազատները լրատվամիջոցներին ասել են, թե թիվ 3 զինկոմիսարիատի աշխատակիցներն անտեսել են Էրիկ Հարությունյանի հետազոտության արդյունքները (զարկերակային հիպերտեզիա 2–րդ կարգ, լյարդի և վահանաձև գեղձի մեծացում, սրտի հետազոտման հոլտեր սարքի միջոցով 2 անգամ մի քանի միլիվայրկյան գրանցված սրտի կանգ, սպիտակուցների արտահոսք օրգանիզմից և այլ բազմաթիվ սրտանոթային խնդիրներ) և ծառայությունից ազատելու փոխարեն նշանակել են ստացիոնար մեկուսացված խիստ հսկողության պայմաններում զննում Երևանի թիվ 8 հիվանդանոցում:
Տղայի ծնողները զգուշացրել են, որ երեխան հիվանդ է և չի դիմանա, բայց մերժում են ստացել։ Նույն օրը` հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը, Էրիկ Հարությունյանը մահացել է։
Նա Հայաստանի Եվրոպական համալսարանի ուսանող էր։