Search
Close this search box.

Ավստրալիայի ամուսնացած փոխվարչապետը ազատման դիմում է գրել՝ աշխատակցուհու հղիության պատճառով

Ավստրալիայի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսը հաղորդել է, որ ազատվում է աշխատանքից՝ իր ենթակայի հետ սիրավեպի և նրա նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների պատճառով։ Այս մասին փետրվաի 23-ին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Երկուշաբթի առավոտյան ես կհայտարարեմ, որ լքում եմ Ազգային կուսակցության առաջնորդի և Ավստրալիայի փոխվարչապետի պաշտոնները»,– լրագրողներին հաղորդել է Ջոյսը։ Նա ավելացրել է, որ կշարունակի աշխատել խորհրդարանում որպես պատգամավոր։

Սկանդալը բորբոքվել էր մոտ մեկ շաբաթ առաջ, երբ հայտնի էր դարձել, որ քաղաքական գործիչը սիրային կապի մեջ է իր նախկին մեդիախորհրդական Վիկի Քեմփիոնի հետ։ Կինը այժմ երեխա է սպասում նրանից։ Ընդ որում Ջոյսն արդեն 24 տարի ամուսնացած է, նա չորս երեխաների հայր է։

Այժմ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սեռական ոտնձգությունների հոդվածով։ Ջոյսը հայտարարությունը կեղծ և զրպարտիչ է անվանել և խնդրել է ոստիկանությանը զբաղվել այդ հարցով։ Ուրիշ մանրամասներ չեն հաղորդվում։ Քաղաքական գործիչը հերքում է ոտնձգությունների մասին լուրերը, սակայն նշում է, որ այդ լուրերը ստիպել են իրեն հեռանալ զբաղեցրած պաշտոնից։

Please enter a valid URL